Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— «Աղվեսը հավանոցի մեջ առյուծ կդառնա»։ — նա վտանգավոր է, այո՛, բայց այստեղի ողորմելի հայերի համար։

— Այնուամենայնիվ, զգուշանալ պետք է։

— Դու առաջ միշտ քաջալերում էիր ինձ, տիկին, իսկ այժմ վհատեցնում ես։ «Ծովը մտնողը թրջվելուց չի վախենա»։ Ես այդ տեսակ փորձանքներ շատ եմ տեսել։ Խրախուսեցեք, ոգի և շունչ տվեցեք մեզ տիկին։ Մարդկային հասարակության մեջ բարի գործերը ավելի հաջողությամբ կկատարվեն, երբ գործիչների թվում կմասնակցեն և կանայք։ Մեսիան առաջինն եղավ, որ հասկացավ այդ կարևորությունը, և նրա մարիամները և մարթաները, քրիստոնեության սկզբում, ավելի գործ կատարեցին, քան թե պողոսները։ Հինգերորդ դարու հայ կանայք վառեցին այն կրակը, որ բորբոքեց Ավարայրի դաշտի հերոսների սրտերը։ Եվ այժմյան հայի կյանքում գործերը այն ժամանակ միայն շատ լավ առաջ կգնան, երբ կինը և տղամարդը կբաժանեն աշխատանքը։ Դուք այն առաքինի կանանցից մեկն եք, որ պետք է օրինակ տաք ձեր քույրերին։ Հանգամանքները ձգեցին ձեզ բոլորովին օտար շրջանում, դուք ընկաք թշնամի բանակի մեջ։ Մի ուրիշը ձեր տեղ կարող էր բոլորովին կորած լինել։ Բայց դուք ապացուցեցիք, որ մարդ կարող է պիտանի լինել իր ազգին, որտեղ և լիներ նա։ Մի ժամանակ հայ տիկիները զարդարում էին պարսից թագավորների և մինչև անգամ մոնղոլների խաների կանանոցները։ Եվ այդ՛ տիկինները ավելի օգուտ էին բերում իրանց հայրենիքին, քան ժամանակի թուլասիրտ հայ իշխաները։ Նրանք շատ անգամ հեռացնում էին իրանց արյունարբու ամուսինների գազանային բարբարոսությունները խղճուկ Հայաստանից, կամ նրանց շնորհիվ Հայաստանը վայելում էր այս և այն իրավունքները։ Դուք, տիկին, նրանցից մեկն եք։

Տիկնոջ գեղեցիկ աչքերի մեջ փայլեց ամոթխածության կրակը։ Ասլանի խոսքերը բավական փաղաքշական երևացին նրան։ Նա ոչինչ չպատասխանեց, բայց եղբայրը, որ բոլոր ժամանակ լուռ էր, հարցրեց.

— Ինձ շատ զարմացնում է մի բան, թե ո՞րպես Կարապետ հայր սուրբին կամ նրա համախոհներին կարող էր հայտնի լինել գաղտնիքը։

— Շատ հասարակ կերպով,— պատասխանեց Ասլանը, և պատմեց անցյալ դեպքերից մեկը, որը հատկապես ինձ համար թե′ շատ հետաքրքրական էր և թե′ շատ ամոթալի.․․