Բ
ՓԱՆՈՍԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Գիշերը անցուցի անհանգիստ, տենդային դրության մեջ։ Առավոտյան զարթեցա խիստ ուշ։ Ասլանը սենյակում չէր, չէր երևում և վարպետ Փանոսը։ Ես ինձ բավական թույլ էի զգում, մարմինս կոտրատվում էր, իսկ գլխիս մեջ տիրում էր մի տեսակ թմրություն, մի տեսակ մառախուղ։ Գիշերվա բոլոր անցքերը երևում էին ինձ ինչպես մի երազ։ Կոկորդիս մեջ ցավ էի զգում և, նայելով հայելու մեջ, տեսնում էի պարանոցիս վրա բաց-կապտագույն բծեր։ Շապիկս բուրում էր դեղորայքի հոտով։ Երևում էր, գիշերը Ասլանը իմ վրա գործ էր դրել բժշկական միջոցներ։
Վարպետի գործարանի փոքրիկ աշակերտներից մեկը ջուր բերեց. լվացվեցա, հագնվեցա և դուրս եկա պատշգամբի վրա։
Այստեղից բացվեցան իմ առջև հրաշալի տեսարաններ, երևում էին շրջակա լեռները իրանց գեղեցիկ հովիտներով, երևում էր քաղաքը իր կրկնակի պարիսպներով ու աշտարակներով, երևում էին քաղաքի բարձր սյունաձև մինարեթները և հայոց եկեղեցիների գմբեթները, երևում էր միջնաբերդը իր ահռելի, հսկայական կերպարանքով, երևում էր ծովը իր մանիշակագույն հարթ տարածությամբ։ Իմ սիրտը տրոփում էր անհամբերությունից, թե երբ պետք է մոտից, շատ մոտից տեսնեմ այդ բոլորը։ Գիշերով հասած լինելով Այգեստան՝ ես դեռ ոչինչ չէի տեսել։ Իրավ, գեղեցիկ, շատ գեղեցիկ էր քաղաքի այդ ծառազարդ արվարձանը։ Այգիների ծառերը, ծանրաբեռնված գույնզգույն պտուղներով, առավոտյան լուսով ավելի սքանչելի էին երևում, քան թե գիշերը։ Արեգակը հսկում էր վերևից։ Այժմ նրա լույսի երկյուղից գիշերային գողերը դադարել էին կողոպտելուց։ Այժմ հերթը հասել էր ցերեկվա գողերին: Ահա ճնճղուկների ահագին երամը, խառնաձայն աղմուկով իջավ ծիրանի ծառի վրա: Նրա տերևախիտ ճյուղերը թեքվեցան այդ փոքրիկ ավազակների ծանրության ներքո։ Ծլվլում են, ոստոստում են և ուրախ, հաղթական աղաղակներով, կտցահարում են իրանց քաղցր, հյութալի ավարը։ Հեռվից ճռնչում է այգեպանի ճոճանակը, և չարաճճի խումբը միանգամից թողնում է ծառը: Ի՞նչ զանազանություն բրդերի և այդ անմեղ արարածների մեջ։ Երկուսն էլ ապրում են ուրիշի վաստակով: Բայց ճնճղուկներն ավելի բարեխիղճ են, դրանք գոնե չեն ոչնչացնում ծառերը։ Այդ