— Ինչ կարդացող պտուղներ են. կգնան այնտեղ, կխաղան, եղբորն էլ կխանգարեն, վարժապետին էլ։
— Ո՞վ է վարժապետը։
— Տեր Եղիշեն։
— Նա դպրոց ունի՞։
— Ուներ, բայց փակեցին... Այժմ այնպես, իմ որդու և մի քանի բարեկամների մանուկների հետ օրեկան մի քանի ժամ պարապվում է։
Իմ խոսակցության պաշարը սպառվեցավ։ Մտածեցի հարցնել երեխաների անունները։
— Ի՞նչպես է մեծի անունը։ — Հայկ։
— Փոքրի՞նը։ — Արամ։
— Իսկ այդ սիրուն աղջկանը։ — Շամիրամ։
— Պատմական անուններ են,— նկատեցի ես, ինքս էլ զարմանալով իմ գյուտի վրա։
— Թագավորների անուններ են,— ավելացրեց պառավը։
— Որդիս շատ անգամ պատմում է երեխաներին այդ թագավորների գործերը, ասում է, որ ամեն մեկը պետք է գիտենա, թե ո՞վ էր իր անվան տերը։
Տիկինը, ինչպես երևում էր, շտապում էր։ Առավոտ էր. տնային գործերը կոչում էին նրան։ Մեր թեթև խոսակցությունը նա ավելի գործնականի փոխեց, ասելով, որ ճանապարհից ու հեռու տեղից ենք եկել, խնդրեց որ մեր սպիտակեղենները, թե իմը և թե Ասլանինը, ուղարկեմ, որ լվանալ տա, որովհետև տանը այդ օրը լվացք չէին լվանալու, և ավելացրեց, եթե կարկատելու մի բան կա, նույնպես ուղարկեմ։
— Ձեր տունն է, եղբայր,— ասաց նա,— մի ամաչեք, ինչ որ պետք ունեք, կարող եք պահանջել, որպես ձեր մորից և քույրից։
Ես շնորհակալություն հայտնեցի։ Նա հեռացավ։ Երեխաները այժմ հանգիստ էին։ Նրանք կարծես մոռացան մեծ եղբորը, և երկուսն էլ ուրախանալով վազեցին կատվի փոքրիկ ձագի ետևից, որ նույնպես վազվզում էր բակում։ «Դրանք էլ են սիրում Վանա կատուներին, որոնց մազերը կայծեր են արձակում»,— մտածեցի ես։
Թե մեր կողմերում, թե այստեղ, հյուրի համար մի առանձին հարգանքի և մտերմության նշան է համարվում, երբ տանտերը