եմ բոլորը... ամեն ինչ պարզ է ինձ համար... Ոչինչ բարեգործություն չէր կարող մոռանալ տալ քո տխուր անցյալը... Ոչինչ ապաշխարություն չէր կարող քավել քո հին մեղքերը... Իսկ այժմ բոլորը պետք է սրբված համարել... Այդ անձնազոհությունը, որ դու հանձնես առել մի մեծ նպատակի համար, կմաքրե քո հին հանցանքները։
— Իմ հին հանցանքնե՜րը․․․ կրկնեց ծերունին արտասուքը սրբելով։— Մի՞թե երկինքը կարող էր բովանդակել իր մեջ այնքան գթություն, այնքան ողորմածություն, որ բավական լիներ ներելու ինձ նման եղեռնագործին... Ես վաղուց զղջացել եմ... Բայց առանց թողություն սպասելու... Այն մխիթարական հույսը, որ ամեն մի բարի քրիստոնյա ունի ապագա կյանքի համար, իմ մեջ մեռած է... Թո՛ղ դժո՞խքը լինի իմ տեղը... Թո՛ղ դևերի և սատանաների հետ լինի իմ հավիտենական կենակցությունը... Թո՛ղ մի նոր հանցանք ևս բարդվի իմ բազմաթիվ մեղքերի հետ... Բայց ես կկատարեմ.... անպատճառ կկատարեմ, ինչ որ ուխտել եմ...
Ասլանը բռնեց նրա ձեռքը և գոհունակությամբ սեղմեց։ Նրա օրինակին հետևեց և երիտասարդը։
Երևում էր, որ ծերունու և երիտասարդի մեջ հին կապեր կային— և բոլորովին մթին ու մռայլ կապեր... Ես առաջ երիտասարդին նրա որդու տեղ ընդունեցի, բայց որդին չէր, նա ծերունուն «քավոր» կոչեց։ Իսկ այդ անունները՝ քավոր Պետրոս և Մուրադ՝ երկուսն էլ ծանոթ էին ինձ... Երիտասարդը խոսեց.
— Ես և դու մեր բոլոր լավ ընդունակությունները, մեր բոլոր մտավոր և հոգեկան ընդարձակ ուժերը գործ դրինք, այո՛, դեպի չարը, դեպի անազնիվը... Բայց ո՞վքեր էինք «մենք»։— Մենք մի հասարակություն էինք։ Մեր մեջ կերպարանագործված էր մի ամբողջ ժողովուրդ իր անբարոյական ախտերով։ Մենք նրա տիպարն էինք։ Մենք գործում էինք միայն մեր նեղ, անձնական շահերի համար։ Իսկ այդ շահերը բխում էին ոչ մաքուր աղբյուրներից։ Մենք մոռացել էինք, որ բացի մեր շահերից, կան ավելի սուրբ, ավելի անբռնաբարելի շահեր — հասարակության շահերը։ Մենք կատարում էինք մեր պարտականությունը դեպի մեր անձը միայն, այն ևս ոչ օրինավոր ճանապարհով։ Մենք մոռացել էինք, որ ավելի մեծ պարտականություններ ունենք դեպի մեր ազգը, դեպի մեր հայրենիքը և, վերջապես, դեպի մարդկությունը։ Փոխանակ ազգի, հայրենիքի, մարդկության լավ անդամ լինելու, մենք դարձել էինք նրանց ուտիչ, ապականիչ ցեցը։ Մեր գործերի համեմատ