նայելով, կարելի է նրա տնտեսական ապահովության մասին գաղափար կազմել, կարելի է նրա հարստության չափը իմանալ: Մի ամբողջ ժամ անասունները գալիս էին ու գալիս, բայց դեռ վերջ չկար։ Ես ավելի համոզվեցա, որ այդ գյուղացիք նյութապես ապահովված մարդիկ են, երբ ռեսը ասաց.
— Այդ դեռ մեր անասունների մի մասն է միայն, իսկ մեծ մասը պահվում է հեռավոր արոտատեղերում. նրանց գյուղը կբերեն ձմեռը միայն:
Անասուններից հետո խումբ-խումբ վերադառնում էին բանվորները դաշտային մշակություններից. վերադառնում էր հնձավորը խոտհունձից, երկար գերանդին ուսին դրած, վերադառնում էր հերկավարը, իր արորը, կամ գութանը առջևը ձգած, վերադառնում էր սայլավորը, լծած եզները կամ գոմեշները քշելով: Ամենքը ուրախ էին, ամենքի դեմքի վրա նշմարվում էր անսահման գոհունակություն։ Ամենքը երգում էին, որպես զինվորներ, որ վերադառնում են հաղթության դաշտից և մի նոր քաղաք են մտնում։ Բայց դրանք արյան հետ գործ չունեին, դրանք բնության և մայր երկրի հետ մաքառող զինվորներ էին։ Որքան մոտենում էին գյուղին, երգերի ձայնը այնքան անուշ էր հնչվում։ Ո՞վ է իմանում սրտերի գաղտնիքը, գուցե երգողը մի պաշտելի ուներ, որ այդ րոպեում, աղբյուրի մոտ կանգնած, ջրի սափորը մի կողմը դրած, խորին զմայլմունքով լսում էր ծանոթ ձայնը։ Թո՛ղ այդ լսողը նրա կինը լիներ, նրա նշանածը լիներ, կամ նրա սիրուհին լիներ, այդ միևնույն է, բավական է, որ երգողը գիտեր, մի սիրող սիրտ անհամբերությամբ սպասում է նրա վերադարձին, որի կուրծքի վրա նա կարող էր հանգչել օրվա աշխատություններից հետո,— և այդ ավելի ոգևորում էր նրան, ավելի ուժ և կյանք էր տալիս նրա ձայնին։
Ես առաջին անգամ տեսնում էի մի այդպիսի ուրախ հասարակություն։ Ինձ թվում էր, որ սպանիչ հոգսը, վիշտը, տառապանքը, որ այդ կողմերում ամեն մի գյուղացու ճակատագիրն էր,— երբեք այդ գյուղին չէր մոտեցել։ Ինչո՞վ ձեռք բերեցին նրանք այդ ուրախությունը։ Ինչո՞վ հեռացրին իրանցից ավանդական լացը, կոծը ու արտասուքը։ Ես այդ քննությունների մեջ չէի մտնում, ես մխիթարվում էի միայն, որ ամեն տեղ միշտ թշվառություններ տեսնելուց հետո, վերջապես տեսնում էի մարդիկ, որ աշխատում են, գործում են, և իրանց աշխատության արդյունքը ամենայն բավականությամբ վայելում են։ Անգութ հարկահանը ծախել չէր