որևիցե նկատողության չէին անցնում նրա մոտից այդ անասունները։ Ահա անցավ Ներսոյի մատակը.
— Ներսոյի մատակի երկրորդ ծնունդն է, այդպես չէ՞,— հարցրեց նա իր մոտ նստողներից։
— Պետք է երկրորդը լինի,— պատասխանում են նրան: — Աստված չար աչքից պահե, հիմիկվա քուռակը շատ լավ ձի կդառնա։
— Իհարկե կդառնա,— նրանց կարծիքը հաստատում է ռեսը ավելի փաստական կերպով,— այդ քուռակի մայրը հինգ հարյուր տարվա ազնվության վկայագիր ունի, իսկ հայրը Ոստանի Խան-Մահմուդի նժույգն էր. կռվի ժամանակ այնտեղից ավար բերեց Ներսոն։
Ազնիվ արյուն ունեցող նժույգները, ազնվական մարդկանց նման, տոհմային վկայականներ ունեն այդ կողմերում, բայց մեզ համար այնքան հետաքրքրական չէր Ներսոյի մատակի ցեղագրությունը, որքան Խան-Մահմուդի անունը, որ պատահմամբ հիշվեցավ։
— Ձեր գյուղացիք էլ մասնակցո՞ւմ էին այդ կռիվներին,— հարցրեց Ասլանը։
— Ինչպես չէ,— պատասխանեց ռեսը մի առանձին բավականությամբ,— բոլորը մասնակցում էին, մեծից մինչև փոքրը. մեր տերտերը իր մատները այն կռվի մեջ կտրեց։— Նա ցույց տվեց մեզ մոտ նստած ալևոր քահանայի վրա։
Անցավ Օհոյի եզը։ Խան-Մահմուդի կռվի պատմությունը ընդհատվեցավ։
— Օհոյի եզը ինչո՞ւ այդպես լղար է, հիվա՞նդ է, ի՞նչ է,— հարցրեց ռեսը։
— Հիվանդ է,— պատասխանեցին նրան։
— Խեղճ մարդ, աստծո փորձանքից չէ ազատվում այդ մարդը,— ասաց ռեսը դառնալով դեպի մեզ։ — Այս տարի նրա եզներից երկուսը բարձր ժայռից գլորվեցան և ոչ մեկը կենդանի չմնաց. այդ մեկն էլ հիվանդ է, հիմա նրա արորը բոլորովին անգործ մնացած կլինի։
Այդ ցավակցական խոսքերից հետո ռեսը հրամայեց, որ առավոտյան իր եզներից երկուսը տան Օհոյին, առ ժամանակ բանացնե, մինչև նրա եզը առողջանա, որպեսզի նրա արորը անգործ չմնա։ Գյուղացու ոչխարների հոտերին և նրա անասունների նախիրը