Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անհամբերությունը ինձ այնքան տանջում էր, որ չսպասելով մինչև առավոտ, որ գնայի և անձամբ տեսնեի բոլորը,— ես ցանկանում էի վարժապետի սենյակների, նրա նիստ ու կացի, և առհասարակ նրա կենցաղավարության մասին` կանխապես տեղեկություն ստանալ քահանայից։ Ցանկանում էի խոսել, մինչև լույս խոսել իմ սրտի շատ մոտ երիտասարդի մասին և բնավ չքնել։

— Լա՞վ են սարքված նրա սենյակները։

— Շատ լավ են սարքված, ամեն պատրաստություններ ունի նա. մահճակալ, անկողին, աթոռներ, գրասեղան և զանազան կարասիք: Պատերը գարդարած են պատկերներով, պատուհանները լի են գրքերով։ Բայց մահճակալ ունի, նրա վրա չի պառկում, մահիճ ունի, գործ չէ ածում։ Պառկում է մերկ հատակի վրա, առանց անկողնի։ Զարմանալին այն է, որ շատ անգամ կողքերի տակին մանր խիճեր է ածում, որ ավելի ցավեցնի։ Երբ հարցնում ես, վարժապետ, ինչո՞ւ ես մարմինդ տանջում, նա քեզ պատասխանում է. «Ես այդ տանջանքով մարմինս ամրացնում եմ. դիցուք թե, այնպես պատահի, որ ստիպված լինեմ մի քանի գիշեր սարերի մեջ մնալ, այնտեղ ով կտա ինձ մահիճ ու մահճակալ, պետք է նախապես սովորել առանց անկողնի, մերկ քարերի վրա պառկելը»։

— Ապա ինչո՞ւ համար է պատրաստել իր մահիճն ու մահճակալը, քանի որ գործ չէ ածում։

— Հյուրերի համար։

— Հյուրեր ունենո՞ւմ է։

— Երբեմն բոլորովին անծանոթ մարդիկ հայտնվում են նրա մոտ, մի օր, երկու օր մնում են և դարձյալ անհայտանում են։ — Դուք մահճակալի վրա ինչո՞ւ եք զարմանում, որդի,— խոսքը փոխեց տեր հայրը,— իր սենյակներում գեղեցիկ վառարաններ ունի, բայց երբեք կրակի երես չեն տեսնում։ Դուք չգիտեք, մեր կողմերում ձմեռը որքան սաստիկ է լինում. մարդու թուքը բերանի մեջ սառչում է։ Բայց նա իր անվառ սենյակի լուսամուտները բաց թողած, այնպես է քնում։ Շատ անգամ մի քանի օրով քաղցած է մնում, ոչ ուտում է և ոչ խմում միայն ծխում է։ Բայց երբեք իր ուժերը չէ կորցնում։ Իսկ երբ սկսում է ուտել, հինգ մարդու չափ ուտում է։ Նա հում միս էլ է ուտում, և ոչխարի արյունը այնպես է խմում, ինչպես ոչխարի կաթը։ Սկզբում այդ բաները գյուղացիների աչքում խիստ օտարոտի էին թվում, բայց հետո ընտելացան։ Միս, ասում է նա, ամեն տեղ կարող եմ գտնել, կամ մի թռչուն կորսամ, կամ մի վայրենի ոչխար կգնդակահարեմ, բայց եփելու