Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ հունձ կանե, որ ցույց տա, թե ինչպես պետք է հնձել, այնտեղ հերկավորի հետ կհերկե, որ ցույց տա, թե ինչպես պետք է հերկել, և շատ անգամ բահը առած, բանջարանոցներում ածուներ կփորե։ Բանջարների մշակությունը մեր գյուղում բոլորովին անծանոթ էր, նա օրինակ տվեց մեզ, իր դպրոցի մոտ մշակելով մի գեղեցիկ պարտեզ: Երբ նրան ասում ես. վարժապետ, այդպես չէ կարելի, մի փոքր հանգստացիր: Նա սովորաբար պատասխանում է. «Հանգստությունը մեզ համար չէ, մենք շատ ետ ենք մնացել, և այդ պատճառով շատ բան ունենք սովորելու և անելու... Մեզ պետք է շտապել»...

— Միայն ձե՞ր գյուղով զբաղված է նա:

— Ոչ միայն մեր գյուղով, այլ մեր շրջակայքի բոլոր գյուղերը գնում է նա։ Ձիուց ավելի արագ է ուղեգնացության ժամանակ, և երբեք ձի չէ նստում, այլ սովորություն ունի միշտ ոտքով շրջել: Ամեն գյուղում ճանաչում են նրան, ամեն տեղ հարգում են, և ամենքը աշխատում են նրա խորհուրդներից օգուտ քաղել։ Մինչև անգամ քուրդ գյուղացիների համար նա չէ խնայում իր աշխատությունները։ Երբ նրանից հարցնում են, թե դրանց հետ ի՞նչ գործ ունես, դրանք խո մեզանից չեն, նա պատասխանում է. «Դրանք մեր հարևաններն են, եթե դրանք քաղցած մնան, մեր հացը կխլեն մեր ձեռքից: Եթե ցանկանում ենք, որ քուրդը գողություն չանե, պետք է աշխատենք սովորեցնել նրան, որ իր վաստակով ապրուստ հայթայթե»։ Նա քրդերի ուսման մասին էլ է հոգ տանում։ Նրա դպրոցում մի քանի քուրդ երեխաներ կան, և նրանց ավելի շատ է սիրում, քան թե մեր երեխաներին։ Մի անգամ այդ երեխաներից մեկը հիվանդացավ, նա կատարյալ գժվածի նման էր այդ միջոցում. ամբողջ գիշերներ նստում էր նրա անկողնի մոտ, խորին տխրությամբ նայում էր նրա վրա, կարծես շնչառության ամեն մի վայրկյանը համբարելիս լիներ։ Այնքան հոգ տարավ, մինչև առողջացրեց:

— Քրդերը նույնպես սիրո՞ւմ են նրան։

— Ոչ միայն սիրում են, այլև սաստիկ հարգում են։ Չէ՞ որ սերը սերից առաջ կգա։ Բուրդն էլ մարդ է, զգացմունք ունի, խո գազան չէ։ Եթե գազան ևս լինի, սե՛րը, անկեղծ սերը, նրան մարդ կդարձնի։ Երբ դու գազանին սկսում ես սիրել, փայփայել, երբ սկսում ես նրա քաղցած փորը կերակրել, նա փոքր առ փոքր մոռանում է իր գազանությունը, մտերմանում է քեզ հետ և սկսում է սիրել քեզ։ Դրա համար մեր տեր Հիսուս Քրիստոսը ասում էր`