Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՞ւր։

— Եկեղեցի։

— Օրհնյալ լինիս, գնանք միասին։

Նա մի փոքր համբերեց, մինչև ես պատրաստվեցա։

Դուրս գալով սրահը, ես վերջին անգամ նայեցի օրիորդի գեղեցիկ գորգի վրա, վերջին անգամ նայեցի և նրա գեղեցիկ երեսին։ Նա կարմրեց, ինչպես այն վարդագույն ծաղիկը, որ այդ րոպեում կազմում էր գորգի վրա։

Աղոթարանը (արևելքը) դեռ չէր լուսավորվել. գիշերային խավարը դեռ ամեն ինչ ծածկել էր իր սև թևքերի տակ։ Գյուղի մեջ տիրում էր խորին լռություն, միայն հեռվից լսելի էր լինում նիրհող ծովի խուլ շնչառությունը։ Մենք անցնում էինք ոլոր-մոլոր փողոցներով, ավելի ճիշտ կլիներ ասել, կտուրների վրայով։ Տեր հայրը դեռ շարունակում էր մրթմրթալ իր անվերջ սաղմոսը։ Տեղ-տեղ խրճիթների դռների առջև դուրս էին բերել եզները, լծում էին արորը, որ տանեն արտերը հերկելու։ Տեղ-տեղ հանդիպում էինք մշակների, որ մանգաղները թևքի տակ դրած, դիմում էին դեպի դաշտը։ Գործը և աշխատասեր գործավորը զարթել էին միասին։

Եկեղեցու դռանը մենք գտանք մի խումբ ծերունիներ, որոնք նստած էին գերեզմանաքարերի վրա, ջերմեռանդությամբ սպասում էին, մինչև դռները բաց անեն։

— Ես պետք է գնամ պարոն բժշկապետի մոտ,— ասացի տեր հորը,— հետո կգամ ժամ։

— Գնացեք, որդի,— ասաց նա, ցույց տալով վարժապետի սենյակները։

Լուսամուտների թանձր վարագույրները ցած էին թողած, ես կարծեցի, քնած կլինեն, բայց ներսից աղոտ լույս էր երևում։ Ես մոտեցա նախասենյակի դռանը, սկսեցի բախել։ Ավելի սաստիկ, քան դռան տախտակները, բաբախում էր իմ սիրտը։ Ի՜նչպես պետք է հանդիպեի նրան, ինչե՜ր պետք է ասեի նրան։ Ճանապարհին, տեր հոր հետ գալու ժամանակ, իմ գլխում արդեն պատրաստել Էի մի ամբողջ ճառ, բոլորը պետք է կարդայի նրան, որ տեսներ, որ ես այլևս առաջվա տգետ Ֆարհատը չեմ, որ ես բավական զարգացել եմ։ Այդ կուրախացներ նրան։ Դուռը բացվեցավ, ես դողդողալով ներս մտա, որպես դասը լավ չսերտած աշակերտը մտնում է դասատունը։ Նախասենյակում նա գրկեց ինձ։ Ես մի բառ անգամ չգտա նրան ասելու, բոլորը, ինչ որ կազմվել էր իմ գլխում,