Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շփոթվեցավ, մոռացվեցավ սրտիս սաստիկ հուզմունքից։ Ես միայն փաթաթվեցա նրա պարանոցին։

Երբ մտանք սենյակը, Ասլանը լուռ նստած էր գրասեղանի մոտ, որի վրա վառվում էին երկու մոմեր և լուսավորում էին այնտեղ թափված թղթերը։ Երևում էր, որ դրանք ևս, ինձ նման, ամբողջ գիշերը չէին քնել։ Ես պատմեցի, թե ինչպես անցկացրի իմ գիշերը։

— Այդ ես երևակայում եմ,— ասաց վարժապետը ծիծաղելով,— տեր հայրը իր աղոթքներով հանգստություն չէր տա քեզ։ Նա թեև մոլեռանդ է, բայց շատ լավ մարդ է։

Նա բռնեց իմ ձեռքից, նստեցրեց իր մոտ, մի փոքրիկ հայկական թախտի վրա, որ ծածկված էր գեղեցիկ գորգով, որը տեղային ձեռագործության արդյունք էր։ Նայում էր իմ երեսին, նայում էր իմ հասակին և երկար մի ձեռքը բաց չէր թողնում իր ափի միջից։ Կարծես նոր էր տեսնում ինձ, և աշխատում էր միանգամից լրացնել երկար ժամանակների կարոտությունը։

— Ես ամենևին չէի սպասում, որ այդ գյուղում կտեսնեմ քեզ,— ընդհատեցի ես մեր մեջ տիրող լռությունը։

— Իսկ ես սպասում էի, — պատասխանեց նա, ձեռքը դնելով իմ ուսի վրա։

— Ուրեմն դու գիտեի՞ր, որ մենք գալու ենք այստեղ։

— Ինչպես չգիտեի․․․ Ասա,— խոսքը փոխեց նա,— հավանո՞ւմ ես այդ գյուղը։

— Շատ գեղեցիկ տեղ է, հիանալի տեսարաններ ունի։

— Եվ լավ բնակիչներ,— ավելացրեց նա։

Ասլանը մեզանից հեռու, գրասեղանի մոտ, պարապում էր։ Նրան չխանգարելու համար մենք կամաց էինք խոսում։ Նա ինչ-որ թվաբանական հաշիվներ էր անում և խորասուզված էր խնդրի լուծման մեջ։ Վերջը մատիտը մի կողմ դրեց, ինքն իրան ասելով,— է՞հ, սատանան տանե... չէ դուրս գալիս․․․

Վարժապետը թողեց ինձ, մոտեցավ գրասեղանին և, մատը թղթի վրա դնելով, ասաց.

— Այդ թվանշանները պետք է միացնել մյուսների հետ․․․

— Այդ ես փորձել եմ.․․

— Բայց դու մի սխալ ես արել... ահա այստեղ.․․

Ասլանը կրկին վեր առեց մատիտը։ Վարժապետը կրկին վերադարձավ ինձ մոտ։

— Հիմա պատմիր,— ասաց նա, այժմ իսկապես վարժապետի