Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղանակով,— ո՜ր երկրներում եղար, ի՞նչ մարդկանց հետ տեսնվեցար, ի՞նչ տպավորություններ գործեցին քո վրա տեսածներդ։

— Կարծեմ դու այդ բոլորը գիտես, թե որտեղերում եղել եմ և ի՛նչ մարդկանց հետ տեսնվել եմ,— պատասխանեցի ես ժպտալով։

— Այո՛, գիտեմ, բոլորը գիտեմ․․․

— էլ ո՞ւր ես հարցնում։

— Ինձ հետաքրքրում են քո տպավորությունները և քո կարծիքները։

Ես համառոտ կերպով պատմեցի իմ ճանապարհորդական տպավորությունները, պատմեցի, թե որպիսի մտքեր էին զարթեցնում իմ հայրենի աշխարհի ավերակները, պատմեցի և իմ կրած հոգեկան տանջանքները ժողովրդի թշվառության մասին։ Նա ուշադրությամբ լսում էր, իսկ ես նրա դեմքի վրա նշմարում էի ճշմարիտ վարժապետի ուրախությունը, երբ սիրած աշակերտի մեջ մի փոքրիկ հառաջադիմություն է նկատում։ Նա դարձյալ գրկեց ինձ, ասելով․

— Քո մեջ միտք կա, Ֆարհատ։ Դու բավական զարգացել ես։

— Այդ մարդուն եմ պարտական։— Ես ցույց տվեցի Ասլանի վրա։

Նա գրասեղանի վրայից գլուխը բարձրացրեց և գոհունակությամբ ժպտաց, չգիտեմ, իմ հայտնած շնորհակալության համար, թե նրա համար, որ դժվարին խնդիրը լուծվեցավ։ Վերջինը պետք է հավանական լիներ, որովհետև նա մատիտը դարձյալ ցած դրեց և ինքն իրան ասաց.— «Հիմա դուրս եկավ»...

Որպես հետո իմացա, Ասլանը հաշվում էր, թե ո՞րքան ծախս է հարկավոր, եթե մինչև Դատվանի նավահանգիստը սայլակի հարթ ճանապարհ շինվի, և ո՞րքան ժամանակ է հարկավոր մի այդպիսի ճանապարհ պատրաստելու համար։

Ես տեր հոր նկարագրություններից առաջուց այնքան շատ տեղեկություններ էի ստացել վարժապետի դպրոցի, սենյակների, կացության, սովորությունների և առհասարակ նրա կյանքի մասին, որ այժմ ինձ մնում էր միայն ստուգել, թե որքան ճշմարիտ էին նրանք։ Մի հայացք բավական էր բոլորը ստուգելու համար։ Ամեն ինչ ակներև էր։ Բայց նրա դպրոցը, կացարանը, նրա տարօրինակ սովորությունները և նրա ամբողջ գործունեությունը, որ տեր հոր զարմացք էին պատճառում և մինչև անգամ օտարոտի էին թվում, ընդհակառակն, ինձ վրա բոլորովին այլ տպավորություն էին