Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջին անգամ տեսա մի կրոնական անձնավորություն, որ միացրել էր իր մեջ հոգևոր հայրապետի և մարմնավոր իշխանի կոչումը,— որ մի ձեռքում խաչ, առաջնորդում էր իր ժողովրդին դեպի երկնայինը, դեպի հոգևորը, իսկ մյուս ձեռքում սուր, պաշտպանում իր ժողովրդին երբ որևէ վտանգ էր սպառնում նրան երկրային թշնամիներից։ Այդ բոլորը տեսել էի ես։ Իսկ երբ տեսա Աղթամարա կաթողիկոսին, իսկույն իմ մտքում ծագեց մի այդպիսի համեմատություն—ահա մի երկրորդ Մար—Շիմոն։

Մենք գտանք նրան ոտքի վրա, շրջապատված մի խումբ աբեղաներով, ծովեզրում սպասում էր նավակին։

— Հույս ունեմ, որ չեք մեղադրի ինձ, պարոն բժշկապետ,— ասաց նա, երբ մենք ոտք դրեցինք ցամաքի վրա և մոտեցանք աջը համբուրելու.— ես երեկ անհամբեր սպասում էին ձեզ․․․ վարժապետը ինձ այդպես էր լուր տվել... Դուք երեկ պետք է շնորհ բերեիք։

Խոսքը Կարոյի մասին էր, երևում էր, որ նա սկզբից հայտնել էր նորին վեհափառությանը, որ նրա վանքում պետք է այցելություն գործի մի եվրոպացի ճանապարհորդ։

— Վարժապետը չէ սխալվել, մեղավորը ես եմ,— պատասխանեց Ասլանը, նույնպես ներողություն խնդրելով։ — Իրավ է, ես երեկ պետք է գայի, բայց ինձանից շատ ժամանակ խլեցին Ոստանի ավերակները, և ես ստիպված եղա գիշերել վարժապետի եղած գյուղում, ձերդ վեհափառությանը այդպես անհանգստություն պատճառելով։

Կաթողիկոսի դեմքի վրա նշմարվեց մի տեսակ անվճռականություն։ Ասլանը այդ նկատելով, ասաց նրան.

— Ես ձեզ արգելք չեմ լինի, վեհափառ տեր, ինձ ասացին, որ գործով ուրիշ տեղ եք գնալու։

— Այո՛, այդ գործը երեկվա համար նշանակված էր, բայց ես հետաձգեցի ձեր պատճառով, պարոն բժշկապետ, որովհետև սպասում էի ձեզ ընդունելու։ Դա մի հին վեճ է, պետք է մի կերպով վերջացնել։ Ես կվերադառնամ երեկոյան, և մինչև իմ վերադարձը իմ միաբանները ամեն պատրաստականություն ցույց կտան ձեզ՝ հետազոտելու թե իմ վանքը և թե իմ կղզին։

— Դուք շատ ողորմած եք, վեհափառ տեր, ցավում եմ, որ այդպես պատահեց, ես մինչև ձեր վերադարձը իմ հետազոտությունները կվերջացնեմ։