Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղարկում է իր որդիներին դեպի հեռու աշխարհներ, մարգարիտներ որոնելու։ Մի քանի աբեղաներ բերեցին մեզ մինչև կղզու ափը։ Մեծ շնորհակալությամբ բաժանվեցանք մենք այդ առաքինի կրոնավորներից, որոնք այնքան անմոռանալի հիշատակներ թողեցին իմ մեջ... Մոտավորապես մեկ ժամից հետո, նավակը մեզ հանեց ցամաքը։ Այստեղ, «դրսի տան» մեջ, պահված էին մեր ձիաները։ Նստեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը...

ԻԵ

ՎԱՆՔԵՐԻ ՇՈԻՐՋԸ

Երեկոյան մենք անցնում էինք Կապուտ֊Կող կոչված լեռան կապտագույն ձորերի միջով։ Այդ լեռան պատմական անունը, մեր հին գրիչներից հետզհետե աղավաղվելով, կոչվեցավ Ընձաքիարս, որ Ընձակա֊քար բառի փոփոխությունն է։ Մինչև այսօր այդ լեռան կողքին կպած է Ընձակ անունով գյուղը, որ հայկազանց նահապետներից մեկի, Ընձակի անունն է կրում։ Նույն նահապետի անունով և լեռը կոչվեցավ Ընձակա֊քար։ Քար բառը մեր հին լեզվում երբեմն սար կամ լեռ բառերի տեղ էր գործածվում։

Հիշյալ լայնանիստ լեռան գագաթը մի կողմից նայում է դեպի Վանա ծովը, մյուս կողմից՝ դեպի Ռշտունյաց աշխարհը։ Այդ գագաթի վրա բարձրացավ ս. Հակոբ Մծբնա հայրապետը, այն աղետավոր անցքից հետո, երբ խստասիրտ Մանաճիհրը նրա սարկավագներին ածեց ծովի մեջ։ Վշտացած հայրապետը լեռան բարձրությունից նայեց նախ դեպի ծովը, որ կլանել էր նրա սարկավագներին, և ապա դեպի Ռշտունյաց աշխարհը, որ այնքան անգութ գտնվեցավ դեպի նրա սանիկները։ Նա անիծեց թե ծովը և թե աշխարհը... Ծովը կատաղեց, գոռաց, փրփրեց և իր ափերից իսկույն դուրս վազեց։ Շեն ու շինություն, արտ ու անդաստան, բոլորը կորան, ջրասույզ եղան։ Երկինքը պղնձացավ, անձրև չտվեց, երկիրը ամլացավ, էլ ջուր չբխեց։ Ծառն ու ծաղիկը, խոտն ու բուտը, ճախն ու ճարակը, անխոնջ մշակի վրան ու վաստակը,— բոլորը երաշտից այրվեց, ցամաքեց։ Նրանից հետո սովը մեջ մտավ և իր ետևից ժանտախտը բերավ։ Անգութ հնձավորը հնձեց, տապալեց և դիակներով երկիրը ծածկեց։ Գայլն ու բորենին, անգղն ու արծվին ազատ, աներկյուղ, թափառում էին մի գյուղից մյուս գյուղ և լափում էին անթաղ դիակներ..․