Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքան շատ կմասնատվի ազգային ամբողջությունը և, հետևապես, կթուլանա նրա քաղաքական նշանակությունը։ — Այդ շատ նպաստավոր է տիրող կառավարության համար, մանավանդ, որ քրիստոնյաների հարցը ամեն անգամ մեծ դժվարությունների մեջ է դնում նրան։

Նրա խոսքը ընդհատեց մեր հյուրընկալ Թաթոս եղբայրը, որ մոտենալով, ներողություն խնդրեց տեղի ունեցած անախորժության մասին և հրավիրեց մեզ սրահը ընթրիք ուտելու։

— Ես պետք է ներողություն խնդրեմ,— պատասխանեց Ասլանը,— իմ ընկերը թեև փոքր-ինչ դյուրագրգիռ մարդ է, բայց շատ բարի սիրտ ունի։

Ջալլադին գտնել չկարողացան։ Ընթրիքից հետո խնդրեցինք մեզ համար քնելու տեղ պատրաստել նույն առվակի մոտ, ծառերի ներքո, որովհետև սրահում օդը սաստիկ խեղդող էր, և մանավանդ զանազան միջատներ գիշերը կարող էին անհանգիստ անել մեզ։ Ջալլադը դեռ չէր վերադարձել, երբ ես և Ասլանը պատրաստվեցանք քնելու։

— Ո՞ւր գնաց նա,— հարցրի ես։

— Երևի կգա,— պատասխանեց Ասլանը։

— Բայց ո՞րքան լավ խոսում էր նա, որքա՜ն հմուտ է սուրբ գրքերի գիտության մեջ։ Ես երբեք չէի կարծում, որ Ջալլադը այդ աստիճան զարգացած մարդ լիներ:

Ասլանը ծիծաղելով ասաց.

— Նա ինքը բողոքական է։

— Բողոքակա՞ն է, ի՞նչ եք խոսում։

— Եվ բողոքականի քահանա է։

Ես շվարած մնացի։

Ես իսկույն գնացի նրան որոնելու։ Պարտեզի մի հեռավոր անկյունում գտա նրան, ծունր դրած գետնի վրա, լուռ աղոթում էր։ Ո՞ւմ համար էր այնպես հափշտակված աղոթում նա։ — Երևի, իր մոլորյալ «եղբայրների» համար...

ԻԸ

ԵՐԵՎԵԼԻ ՔԻԹԸ

Վերջապես հասանք Բաղեշ, որ այլ անունով կոչվում է Բիթլիս։ Իջևանելու համար ընտրեցինք քաղաքի պանդոկներից (խան) մեկը։ Երբ կանչեցինք օդաբաշուն, որ մեզ մի սենյակ ցույց տա,