Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնվեցավ մի այլանդակ մարդ, բանալիների փունջը գոտիից քարշ ընկած: Ետ ծալած բազուկները մինչև արմունքները դրոշմված էին Երուսաղեմի նշաններով: Այդ արդեն ապացույց էր, որ նա մահտեսի էր և մենք մի բարեպաշտ ուխտավորի հետ գործ ունեինք։ Եվ այդ էր պատճառը, որ նրան կոչում էին հաջի Իսաղ: Մինը մյուսի ետևից շտապով բաց արեց սենյակների դռները և առաջարկեց ամենահարմարը ընտրել: Իսկ սենյակների արժանավորությունը ցույց տալու համար, նա մի առ մի հիշեցնում էր մեզ, թե որ տարում և որ ժամանակ ինչ նշանավոր մարդիկ են բնակվել նրանց մեջ։ Իբրև ապացույց, նա ցույց տվեց մեր և մի քանի արձանագրություններ, որ ածուխով գրած էին պատերի վրա, թեև այդ արձանագրությունների լավ վկայություն չէին տալիս հաջիի բարոյականության մասին: Մի պատի վրա գրած էր, «Եթե հաջի Իսաղին շուկան ուղարկես մի բան գնելու, դու էլ հետը գնա»։ Մի այլ տեղ. «Հաջի Իսաղի ասածներից եթե հազարից մեկը ճշմարիտ լինի, ջորին կծնի»։ Եվ այսպես, համարյա բոլոր արձանագրությունների մեջ հաջիի անունը մեծ դեր էր խաղում։ Իհարկե, եթե հաջին գրագետ լիներ, նրանցից և ոչ մեկը չէր թողնի, բայց, երևի, նրան ասել էին, որ լավ բան են գրել։

Մենք շատ խստապահանջ չեղանք, ընտրեցինք սենյակներից մեկը և մտանք քարե տուփի մեջ։ Իրավ որ, քարե տուփ։ Ամբողջ պանդոկը շինված էր կոփածո քարերից։ Սենյակները նույնպես թե դրսից, թե ներսից, տաշած քարերից էին շինված։ Լույս ընդունում էին միայն բաց թողած դռնից, և այդ պատճառով վանքերի նեղ խուցերի նմանություն ունեին։ Պանդոկը երկու հարկանի էր. վերին հարկում բնակվում էին ճանապարհորդներ, իսկ ներքին հարկում, քառանկյունի բակի շուրջը, շարքով զետեղված էին զանազան վաճառքների կրպակներ։

Ոչ մի կարասիք չկար մեր ընտրած սենյակում. մերկ պատերը, մերկ հատակը, տիրող մռայլը ծանր տպավորություն էին գործում: Ասիական այլ ճանապարհորդների համար, որոնք ամեն պատրաստություններ իրանց հետ ման են ածում, գուցե այդպիսի իջևաններ հարմար կլինեին, բայց մենք մի կապերտի կամ գորգի կտոր անգամ չունեինք մեզ հետ, որ ձգեինք հատակի վրա և նստեինք։

Մեր բախտից Հաջի Իսաղը խուլ հայտնվեցավ, բայց մի զարմանալի խուլ՝ եթե վատ բան ասեիր, նա չէր լսի, իսկ եթե լավ բան ասեիր, իսկույն կլսեր։ Օրինակ, եթե նրան հայհոյանք տայիր, չէր