ստիպված են մտնել այս և այն նշանակություն ունեցող թուրքի կամ քրդի հովանավորության ներքո, որոնք նույն անգթությամբ են վարվում իրանց պաշտպանյալի հետ, որպես հին ժամանակների ենիչարին։
Ասլանը լռությամբ լսում էր, երևում էր, ոչ այնքան հետաքրքրվելով։ Կարծես նա այդ բոլորը գիտեր, և գիտեր ավելի լավա քան թե վարպետ Փանոսը։ Բայց իմ վրդովմունքը չափ չուներ․ «այդ ինչ գրություն է, մտածում էի ես, ավելի լավ չէ՞ր լինի, որ մարդիկ ամենևին գոյություն չունենային, քան թե այդպիսի անպատիվ կյանքով ապրեին»։
Մենք շարունակում էինք գնալ երկար, ծառազարդ փողոցներով։ Վարպետ Փանոսը ավելացրեց․
— Ահա այդ գիշակեր խնամակալներն են, որոնք պարտքով փող ես տալիս իրանց «գավուրներին», երբ նրանք օտար երկիրներ են գնում բախտ որոնելու, և ավելի շուտ են ճանապարհ դնում նրանց, երբ նրանց ընտանիքի մեջ կար մի սիրուն կին կամ գեղեցիկ աղջիկ։ Գաղթականը ճանապարհի ծախքի կարոտ է, բացի դրանից նա պետք է շատ ու քիչ փող թողնե իր տան ապրուստի համար,— այդ բոլորը նա պարտքով վեր է առնում իր խնամակալից։ Նրա պարտքը սկզբում մի քանի հարյուր ղուրուշ է լինում, բայց այդ մի քանի հարյուրը տարիների ընթացքում աճում է, բազմանում է և շատ հազարներ է դառնում։ Այնուհետև պարտքից ազատվելու հնար չկա։ Պարտքի արմատը միշտ մնում է միևնույնը, հատուցվում է տոկոսը միայն։ Իսկ այդ անիծյալ տոկոսը վթարելու համար պետք են մի քանի ուժեղ տղամարդիկ, որ , Կ-Պոլսի մաքսատներում կամ քարվանասարաներում համալություն անեին։ Ամբողջ Վանի մեջ չկա մի ընտանիք, որի մի քանի անդամները պանդխտության մեջ չլինեին։ Առաջ գնում էին միայն տղամարդիկը, իսկ այժմ կանայք նույնպես սկսել են օտար երկրներում բախտ որոնել։ Վանեցի կինը, որ իր տան ծածկի տակից չէր դուրս գալիս, որ նրա երեսը մի ուրիշ մարդ չտեսնե, այժմ պանդխտության մեջ վատնում է իր ավանդական համեստությունը....
Ասլանը ընդհատեց վարպետի տխուր պատմությունը, հարցնելով.
— Կարծեմ այստեղի հայերից ևս կան այնպիսիները, որոնք մահմեդական խնամակալների պաշտոն են կատարում...
— Կան, և նրանց թիվը սակավ չէ։ Այդ անիրավները անունով միայն հայ են, իսկ գործով կատարյալ ենիչարի...