— Բայց ի՞նչպես է, որ նրանք չեն թաքցնում իրանց հարստությունը և փառավոր կերպով ապրում են։
— Նրանք էլ ունեն իրանց պաշտպանները, ավելի բարձրաստիճան անձիքներից, որոնց հովանավորությունը վայելելով, տկարներին խեղդում են, իսկ հզորներին տուրք են վճարում...
Մենք անցանք մի եկեղեցու դռնից, որտեղ մինը մյուսի ետևից մտնում էին և դուրս էին գալիս երեխաներ, գրքերը թևքերի տակ առած։
— Երևի այստեղ դպրոց կա,— հարցրեց Ասլանը,— աշակերտներ են ման գալիս։
— Կա,— պատասխանեց վարպետ Փանոսը,— մեր քաղաքի առաջնակարգ դպրոցներից մեկն է. եթե ժամանակ ունեք, մտնենք, դուք գաղափար կստանաք մեր նոր սերունդի մտավոր զարգացման մասին։
Մտանք վարժարանը, որ գտնվում էր եկեղեցու բակումը։ Իմ առջև իսկույն նկարվեցավ տեր Թոդիկի դպրոցը իր բոլոր այլանդակությամբ։ Աշակերտները այստեղ ևս ածած էին մի դասատան մեջ և խառն կերպով նստած էին հասիրների (փսիաթ) վրա։ Բոլորը միասին կարդում էին, ամեն մեկից մի տեսակ ձայն էր լսվում, որովհետև որքան աշակերտներ կային, այնքան զանազան գրքեր կային նրանց ձեռքում։ Ամեն մեկի տանը, եթե պապերից մնացած մի գիրք էր գտնվել, հայրը տվել էր որդու ձեռքը, ասելով — «տար վարժապետիդ ասա, որ դրա վրա կարդացնես... թող այն գիրքը Սաղմոս լիներ, Ժամագիրք լիներ, Կիպրիանոս լիներ, Պղնձե քաղաք լիներ, հին բժշկարան կամ երազահան լիներ,— միևնույն է, բավական է, որ գիրք էր։ Զանազանությունը այս վարժարանի և տեր Թոդիկի դպրոցի այն էր միայն, որ ես առաջին անգամ այստեղ լսեցի մի քանի գրքերի անուններ, որպիսիք էին քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն և այլն։ Այդ գրքերը գրավարժության համար, որպես ընթերցանության գրքեր, կարդում էին նույն եղանակով, ինչպես կարդում էին Ավետարանը: Երևում էր, որ վերջին գրքերը ունեցող աշակերտների տանը ուրիշ գրքեր չէին գտնվել, որ ավելի հարմարը տային նրանց ձեռքը։
Վարժապետին կոչում էին Սիմոն պատվելի, նա մի ժամանակ Կ. Պոլսում սափրիչ էր եղել, և բավականին հաստլիկ ու մսուտ մարդ էր, որպես սովորաբար լինում են սափրիչները։ Նրա դեմքը, անկանոն խմելուց, ստացել էր մի տեսակ լրջագույն-կարմրություն,