Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդը դարձավ դեպի մեր հյուրընկալը։

— Մեր հին պատմաբաններից մեկը, Զենոբ Գլակը, թողել է մեզ մի քանի հետաքրքիր թվանշաններ, որոնցից կարելի է եզրակացնել, թե որքան մեծ բազմամարդություն է ունեցել Տարոնը առաջ և որքան փոքրացել է նրա բնակիչների թիվը այժմ։ Պետք է գիտենաք, որ Զենոբ Գլակը Լուսավորչի ժամանակակից էր և նրա նշանավոր եպիսկոպոսներից մեկը, որին Լուսավորիչը Տարոնի Կարապետ վանքի առաջին վանահայր կարգեց։ Եվ որովհետև Զենոբ Գլակը գործակից եղավ Լուսավորչին այդ վանքի կառուցանելու ժամանակ, այդ պատճառով վանքը կոչվեցավ և Գլակա վանք։ Այդ վանքը այսօր էլ կա և ոչ միայն Տարոնի, այլ ամբողջ Հայաստանի ամենանշանավոր վանքերից մեկն է։ Էջմիածնից հետո նրան կարելի է դնել։ Գուցե ձեզ հայտնի է, որ Ս. Կարապետի վանքը առաջ մի կռատուն էր, հնդկացի գաղթականներից ամենահին ժամանակներում հիմնված։ Լուսավորիչը այդ կռատունը քանդեց և նրա տեղում՝ ս. Կարապետի վանքը հիմնեց։— Այդ բոլորը ասում եմ ձեզ, որ այդ վանքի մասին փոքր-ինչ պատմական գաղափար ունենաք, բայց բանը դրանում չէ։ Ս. Կարապետի վանքը, դեռ կռատուն եղած ժամանակ, ուներ իր շրջակայքում տասն և երկու գյուղեր, իբրև վանական սեփականություն։ Երբ կռատունը քրիստոնեական տաճարի փոխվեցավ, Լուսավորիչը նույն գյուղերը դարձյալ թողեց, որպես նույն վանքի ժառանգություն։ Դժբախտաբար Զենոբը իր գրքի մեջ հիշյալ տասներկու գյուղերից միայն յոթնի անուններն է հիշում, բայց այդքանը ևս շատ բան է ապացուցանում այն ժամանակի վիճակագրության համար։ Ես կկարդամ ձեզ նրանց անունները, թե յուրաքանչյուրը քանի երդ, այսինքն ծուխ ուներ, և ո՛րքան զորք կարող էր դուրս բերել պատերազմի ժամանակ։

Նա սկսեց փոքրիկ թղթի պատառի վրա կարդալ յոթն գյուղերի անունները, որ դուրս էր բերել Զենոբի գրքից։

1. Կուառս ուներ 3012 երդ կամ ծուխ, 1500 հեծյալ, 2200 հետևակ զորք։ 2. Մեղդի՝ 2080 երդ, 800 հեծյալ, 1030 հետևակ։ 3. Խորտում՝ 900 երդ, 400 հետևակ։ 4 Խորնհի՝ մեր Մովսես Խորենացու ծննդավայրը — 1906 երդ, 700 հեծյալ, 1008 հետևակ։ 5. Կեղք՝ 600 երդ, 800 հեծյալ, 600 հետևակ։ 6. Պարեխ՝ 1680 երդ, 1030 հեծյալ, 600 հետևակ։ 7. Բազում՝ 3200 երդ, 1040 հեծյալ, 8040 աղեղնավոր, 6000 տեգավոր, 280 պարսավոր։

— Ուրեմն 7 գյուղը ունեցել է 14378 երդ կամ ծուխ։ Եթե յուրաքանչյուր ծուխը հաշվելու լինենք 10 հոգի, ինչպես հաշվեցինք