Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիներ նրանց։ Նրանք նայում էին խավարի մեջ, միշտ միևնույն կետի վրա և ամենևին չէին շեղվում դեպի մի այլ կողմ։ Ի՞նչ էր դիտում նա այն մթության մեջ, աստված գիտե, բայց նա շարունակ նայում էր։

Ոչ մի կենդանի արարած այդ միջոցին չկար շրջակա ամայության մեջ, ոչ մի ձայն չէր լսվում, և բամբակի նման փափուկ ձյունային տարափն անգամ ձայն չէր հանում։ Մինարեթի ներսում խարույկի շուրջը խմբված մարդիկ նույնպես ձայն չէին հանում, նրանք միայն ծխում էին։

Դրսում մենավոր պահակը դեռ նայում էր։

Հանկարծ այն կողմում, որ կողմ հառած էին նրա անշարժ աչքերը, հեռվից երևաց լույսի փայլփայլող մի նշույլ։ Այդ լույսը հրեղեն լեզվի նման կանգնած էր բարձր, շատ բարձր, օդի մեջ։ Եթե նրա շառագույն փայլը չլիներ, կարելի էր մի լուսավոր աստղի տեղ ընդունել։ Բայց երկինքը այդ գիշեր այնպես ամպամած էր, որ աստղերը բնավ չէին երևում։

Հրեղեն լեզուն կանգնած էր միևնույն կետի վրա, նա երբեմն աճում էր, երբեմն նվազում էր, իսկ երբեմն բոլորովին անհայտանում էր, և մի քանի րոպեից հետո, դարձյալ երևում էր։

Այդ տեսնելով, մենավոր պահակը ցնդվեցավ որպես մի մարդ, որ լարում է յուր ուշադրությունը։

Համարյա միևնույն վայրկյանում, երբ հայտնվեցավ առաջին հրեղեն լեզուն, նրա հորիզոնական ուղղությամբ, մոտ երկու հարյուր քայլ հեռավորության վրա, հայտնվեցավ մի այլ լույս, բոլորովին նման առաջինին, հակառակ կողմից կանգնած էին միմյանց հանդեպ։

Այժմ մենավոր պահակի աչքերը սկսեցին շարժվել։ Նա երբեմն նայում էր առաջինի, երբեմն նայում էր երկրորդի վրա։

Շատ չանցավ, երկու հրեղեն լեզուները աճեցին, աճեցին, և երկու ջահերի ձև ստացան։ Այդ միջոցին նրանք երևան հանեցին երկու ձեռքեր, որ բռնած ունեին այդ ջահերը, և երկու կանացի գլուխներ, մինչև կուրծքը։ Այդ հերարձակ գլուխները երկու ֆուրիաների նմանություն ունեին։ Մեկը մանկահասակ էր, մյուսը պառավ։ Առաջինի դեմքը ժպտում էր, երկրորդի վրա երևում էր կատաղություն: Այնպես էր թվում, որ այդ երկու գլուխները, իրանց բռնած ջահերով, կախված լինեին օդի մեջ։ Բայց զորեղ աչքը կարող էր նկատել, որ նրանք երևում էին երկու բարձր աշտարակների կատարից, որոնց վերին մասը լուսավորված էր ջահերի