Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ Հայկունու դեմ ուղղված հոդվածում գրում է. «Այդ ժամանակներում (այսինքն՝ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ—Մ. Ն.) Րաֆֆին թողնում է «Հարեմները», «Ոսկի աքաղաղները», «Ուխտյալ միանձնուհիները» և գրում է «Ջալալեդդինը», «Խենթը», «Դավիթ Բեկը», «Խամսայի մելիքությունները», թարգմանում է «Ղարաբաղի աստղագետը», և ապա լույս է ընծայում «Կայծեր»-ը։ Այդ վեց գրքերը հայտնվում են միևնույն տարիների ընթացքում, երբ Տաճկահայաստանի հայոց մտքերը ընդհանուր խմորման մեջ էին և Տաճկաստանի հայերի վիճակը զբաղեցնում էր բոլորին»։

Անցյայի գրական ժառանգության, այդ թվում և Րաֆֆու ու նրա երկերի ճիշտ գնահատության ստույգ չափանիշը պատմական մոտեցումն է, որովհետև ինչպես յուրաքանչյուր գրող, այնպես էլ Րաֆֆին իր ապրած ժամանակաշրջանի կյանքի արտահայտիչն է։ Հետևաբար, ժամանակն իր կնիքն է դրոշմել Րաֆֆու երկերի, այդ թվում և «Կայծեր»-ի վրա։

Րաֆֆին իր գրական գործունեության բոլոր շրջաններում հանդես է եկել իբրև խիստ միտումնավոր գրող, այդ բառի դրական ու լայն իմաստով։ Որպես «ժամանակի գործիչ» նա արձագանքել է օրվա պահանջներին, գրել է անմիջական առիթներով և որոշակի նպատակադրմամբ։ Նրա երկերին հատուկ են գաղափարական նպատակասլացությունը և ուժեղ տենդեցիան։ Րաֆֆին եղել է հայ ժողովրդի ձգտումների ու երազանքների արտահայտիչը։ Իրավացի կերպով հայ ականավոր գրող, հրապարակախոս Արփիար Արփիարյանը նրան համարել է «ժողովրդի զգացմանցն ու գաղափարացն ճշմարիտ թարգման»։

Րաֆֆին հանդես է եկել որպես լուսավորության, հայրենասիրության և ազատության ջատագով։

Րաֆֆու ստեղծագործության մեջ հատուկ տեղ է գրավում արևմտահայության կյանքի վերհանումը, մասնավորապես նրա ազատագրական պայքարի դրվատանքը։ Նա միանգամայն իրավացի կերպով նշել է, որ իրենից առաջ դեռ ոչ մի վիպասան ուշադրություն չէր դարձրել արևմտահայերի և պարսկահայերի վրա։ Հիրավի, Րաֆֆին առաջին վիպասանն էր, որ իր ուշադրությունը սևեռեց արևմտահայության և պարսկահայության վրա, նրանց կյանքին ու պայքարին նվիրելով իր լավագույն գործերի շարքը՝ «Սալբի», «Խաչագողի հիշատակարանը», «Պարսկական պատկերներ», «Ջալալեդդին», «Խենթը», «Կայծեր», «Ղարիբ Մշեցին», որոնց մեջ նա երևան է հանել արևմտահայության և պարսկահայության թշվառ կյանքի զարհուրելի պատկերը և արտահայտել է նրանց քաղաքական ազատագրական իղձերը։

Այդ շարքի մեջ ամենաբնորոշն ու ցայտունը «Կայծեր» վեպն է։

«Կայծեր»-ը գրելու համար վիպասանին նյութ են ծառայել արևմտահայ և պարսկահայ կյանքը, ազատագրական շարժման դեպքերն ու դեմքերը։ «Կայծեր»֊ում դրսևորված են հեղինակի պատմա-փիլիսոփայական, քաղաքական, սոցիալական հայացքները։ Այդ վեպում միաժամանակ ցայտուն արտահայտություն են գտել նաև վիպասանի արվեստի բնորոշ առանձնահատկությունները։

1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը խիստ ոգևորված էր ռուսական զենքի հաջողություններով, ակնկալիքներ ուներ Սան-Ստեֆանոյի դաշնագրի 16-րդ և Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածներից, որոնց իրականացումը արևմտահայության համար, իբր, թե, պիտի ապահովեր քաղաքական ինքնավարություն։ Ահա, այս բուռն ձգտումների ու