Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշատակարանը, օրագրությունը, պատմվածքը իրենց յուրահատուկ տարրերով ձուլված և տարրալուծված են վեպի ամբողջականության մեջ։ Սակայն գլխավորն այն է, որ այդ համադրումը անտարրալուծելի է, միասնության մեջ է։

«Կայծեր»-ի գաղափարական հարուստ բովանդակությունը և ծավալի մեծությունը ներդաշնակում են իրար։

«Կայծեր»-ի գեղարվեստական արժանիքների մասին խոսելիս հատկապես պետք է ընդգծել լեզվի ճոխությունը և ոճի գեղեցկությունը։ Րաֆֆին մեծ գործ կատարեց մայրենի լեզվի մշակման ու կատարելագործման ուղղությամբ։ Հայ մեծ վիպասան Շիրվանզադեն գտնում էր, որ «Րաֆֆին է իսկական հիմնադիրը արևելյան աշխարհաբար գրական լեզվի»։

Ո՛չ միայն Շիրվանզադեն, այլև հայ և ռուս բազմաթիվ գրողներ, քննադատներ միանգամայն բարձր կարծիք են հայտնել Րաֆֆու մասին, որպես գեղարվեստական խոսքի մեծ վարպետի։

Մարքսիզմ-լենինիզմը սովորեցնում է, որ լեզվի հիմնադիրը ժողովուրդն է, միաժամանակ ընդգծելով խոշոր արվեստագետների վճռական դերը լեզվի զարգացման և կատարելագործման ասպարեզում։

Որքան մենք հեռանում ենք Րաֆֆու ժամանակաշրջանից, այնքան բարձրանում է մեր աչքին Րաֆֆու պատմական ծառայությունների նշանակությունը։ Անժխտելի է «Կայծեր»-ի իմացական և հատկապես պատմա-ճանաչողական արժեքը։ Բնավ պատահական չէ, որ «Կայծեր»-ը լույս տեսնելու շրջանում հայ պահպանողականության գրչակը՝ Հայկունին (ավագ քահանա Եղիշե Գեղամյան), հրապարակային մատնություն կատարեց Րաֆֆու դեմ, նրան մեղադրելով Չերնիշևսկուն հետևելու մեջ։ Հանդես գալով Րաֆֆու և նրա «Կայծեր»-ի դեմ, Հայկունին գրեց. «Պարզ երևում է, որ «Կայծեր»-ի հեղինակը շատ է կարդացել, Տուրգենև, մանավանդ Չերնիշևսկի ռուս վիպասաններին։ Իմ խոսքը, խնդրեմ, ծուռ չմեկնել։ Ամեն դարի և ազգի գրողները միշտ ենթարկված են եղել իրենց նախորդ գրողների ազդեցությանը։ Եվ պարոն Րաֆֆիի համար հազար երանի չէր թեկուզ տուրգենևների և չերնիշևսկիների ազդեցությանը ենթարկել, քան պարսկական դերվիշների և աշըգների։ Ես հո չեմ ասում, թե պարոն Րաֆֆին «Կայծեր»-ում էլ այնպես է վարվել, ինչպես մի ժամանակ «Խենթ»-ում , ուր Չերնիշևսկու Վերա Պավլովնայի երազը իր Վարդանի բերանն էր դնում»։

Չնայած այն հանգամանքին, որ Հայկունին այն ժամանակ չար դիտավորությամբ, Րաֆֆուն վնասելու՝ ոստիկանության ձեռքը մատնելու նպատակով էր խոսում նրա Չերնիշևսկուց կրած ազդեցության մասին, բայց նա ճիշտ էր փաստի արձանագրման մեջ։

Անժխտելի է Րաֆֆու «Խենթը» և Չերնիշևսկու «Ի՞նչ անել» վեպերի հերոսների՝ Վարդանի և Վերա Պավլովնայի երազների միջև եղած գաղափարական որոշ ընդհանրությունը՝ սոցիալական ուտոպիան։ Սակայն միաժամանակ չի կարելի նույնացնե, այդ երազները, որովհետև նրանք ազգային յուրահատուկ պայմանների ծնունդ են, ուստի և ազգային բաղձանքների դրսևորմամբ նրանք տարբերվում են միմյանցից։ Վարդանի երազի հիմքում ընկած է հատկապես ազգային ազատագրության նպատակը՝ թուրքական բռնակալական լծի թոթափման խնդիրը, մի բան, որ լիովին բացակայում է Վերա Պավլովնայի երազում։ Եվ այդ բնական է, որովհետև ռուս ազգը ազգային ինքնուրույն պետականություն ունեցող ազգ էր, ուստի ազգային ճնշման ու նրա խորտակման մասին խոսք լինել