Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավթանդիլյանին,— բայց վերջին ժամանակներում ես շատ փոփոխություններ արեցի»։ (Րաֆֆի «Երկերի ժողովածու» հտ․ 10, Երևան, 1959 թ․, էջ 558)։

1876 թվականից հետո «Կայծեր»-ի մասին խոսելիս թե՛ հեղինակը և թե՛ Ավթանդիլյանը վեպի անվան հետ կոնկրետացնում են նաև հատորը։ Րաֆֆին հենց այս թվականից էլ «Կայծեր»-ի առաջին հատորը որպես ավարտված աշխատություն սահմանադատում է մնացածից։

«Կայծեր»-ի առաջին հատորը վերջնականապես ավարտված լինելու առաջին հավաստի փաստին հանդիպում ենք հեղինակի 1878 թվականին Ագուլիսից «Մշակ»-ի խմբագրին գրած նամակում (տե՛ս, «Արձագանք», 1895 թ․, № 99):

Ինչ վերաբերում է վեպի երկրորդ հատորի գրությանը, ապա այն ևս ունեցել է ստեղծագործական հետաքրքիր պատմություն և անցել է գաղափարական զարգացման բարդ ուղի։ Աբել Մխիթարյանի վերևում հիշատակած անուններից վերջինը՝ Մըկոն, համընկնում է «Կայծեր»-ի այժմյան տեքստում եղած վաճառականներից մեկի անվան հետ։ Եթե ընդունենք, որ այս Մըկոն և երկրորդ հատորում հանդես եկող վանեցի վաճառական «խնամի Մկոն» միևնույն անձնավորությունն են, ապա պետք է ասել, որ 60-ական թվականների կեսերին երկրորդ հատորի հիմք հանդիսացող հատվածը նույնպես ինչ-որ վիճակում գոյություն է ունեցել։ Սակայն թյուրիմացություն չստեղծելու համար անհրաժեշտ է ավելացնել, որ «Կայծեր»-ը մինչև 70-ական թվականների կեսերը բաժանված չի եղել հատորների։ Ուստի և մինչ այդ «Կայծեր»-ի վրա տարբեր ժամանակներում հեղինակի կողմից տարած աշխատանքներն անպայմանորեն կարող են վերաբերել նաև երկրորդ հատորին։ 1876 թվականին «Կայծեր»-ի միացյալ տարբերակի մի մասը Րաֆֆին անջատելով՝ դարձնում է աոաջին հատոր և տալիս է Ավթանդիլյանին արտագրելու, իսկ մնացյալ հատվածը, որի մեջ գործող անձ է նաև Մըկոն, հեղինակը վերամշակում է, կամ ինչպես ինքն է ասում, գրում է «վերջին քաղաքական անցքերի տպավորության ներքո», այսինքն՝ 1877—1878 թվականին։ Հավանական է, որ վեպի նախնական տարբերակը այնքան չնչին ու անմշակ է եղել, իսկ հետագայում կատարած աշխատանքը այնքան մեծ, որ Րաֆֆին հարկ չի համարել վեպի գրությունը անցյալին վերագրել։

«Մշակ»-ում «Ջալալեդդին» հրատարակվելուց անմիջապես հետո և «Կայծեր»-ի տպագրության մասին հայտարարություն տալուց առաջ, մոտավորապես 1878 թվականի երկրորդ կեսում, Րաֆֆին որոշում է վեպը հրատարակել «Հայդուկներ» վերնագրով և գրում է երեք էջից բաղկացած մի առաջաբան (Տե՛ս, Րաֆֆի «Երկերի ժողովածու», հտ. 9, Երևան, 1958 թ., էջ 323)։ Պետք է ենթադրել, որ անվանափոխման հարցում ազդակ է հանդիսացել «Ջալալեդդին» վեպի արտակարգ ընդունելությունը, մանավանդ, որ հեղինակի կողմից արված այդպիսի մի ակնարկ կա նաև առաջաբանում։ «Տեսնելով թե ինչ տպավորություն գործեց իմ «Զալալեդդին» վեպիկը ընթերցողների վրա,— գրում է Րաֆֆին,— ես քաջալերվեցա իմ վաղուց գրած մի աշխատությունը լույս ընծայել, որ կրում է անունս «Հայդուկներ»։

Անվան փոփոխումը ինչպես նկատելի է առաջաբանից, իր հետ նախատեսում է նաև արյունահեղ գործողություններ և ազատագրական պայքար։ Հայտնի է, որ «Կայծեր»-ի թե՛ առաջին և թե՛ երկրորդ հատորներում չկան այնպիսի դեպքեր, որոնք «մահ և սարսափ տարածեն շրջակայքի վրա», մնում է պնդել, որ դրանք պետք է տեղի ունենային «Կայծեր»-ի երրորդ հատորում և կամ այն ժամանակ, երբ վեպը լույս կտեսներ «Հայդուկներ» վերնագրով։ Երրորդ հատորի անհրաժեշտությունը