Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ե
ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մյուս օրը մենք անհամբերությամբ սպասում էինք առաջնորդին, որ խոստացել էր փաշան ուղարկել մեզ, քաղաքի մեջ և նրա շրջակայքում գտնված հնությունները ցույց տալու համար։ Չգիտեմ ի՞նչ պատճառով վարպետ Փանոսը հակառակ էր այդ արշավանքին։ Բայց Ասլանը պնդում էր, թե ինչ էլ որ պատահելու լինի, անպատճառ պիտի գնալ։

Վերջապես հայտնվեցավ առաջնորդը, իր հետ բերելով նախորդ օրվա երկու ղավազներին և երկու ձիաներ, որ փաշայի ախոռատան ամենաընտիր նժույգներից էին, ուղարկել էր մեզ, հեծնելու համար։ Վարպետ Փանոսը ճանաչեց առաջնորդին։ Դա մի աստիճանավոր էր, որ փաշայի մոտ քարտուղարի պաշտոն էր կատարում, և հայտնի էր, որպես ուսումնական մարդ։ Նա դեռ երիտասարդ էր, ուրախ, զվարթ, և, որպես ակնարկեց մեզ վարպետը, թուրք ծառայողների սովորության համեմատ, օղիի կատարյալ սիրահար էր։ Գուցե այդ էր պատճառը, որ նախաճաշիկի ժամանակ վարպետ Փանոսը առանձին ուշադրություն էր դարձնում նրա խմելու վրա և աշխատում էր, որքան կարելի էր, գոհացնել նրան։ Օրից մի քանի ժամ անցած էր, երբ մենք ճանապարհ ընկանք։

Հասնելով հսկա քարաժայռի ստորոտը, որի բարձրության վրա նստած էր բերդը, մենք ցած իջանք ձիերից և սկսեցինք քարե մաշված սանդուղքներով դեպի վեր բարձրանալ։ Սարսափելի ճնշող տպավորություն էր գործում այդ բերդը իմ վրա։ Նրա ահավորության առջև մարդ կարծես մանրանում էր, փոքրանում էր, և