Ասլանը բնավորությամբ լռություն սիրող էր, բայց երբ տաքանում էր, երբ սկսում էր խոսել, խոսում էր շատ երկար։ Այդ միջոցին անկարելի էր ընդմիջել նրան, պետք էր թույլ տալ, որ իր ասելիքը վերջացնե։ Այնօրվա այցելությունը նրա վրա խիստ անախորժ տպավորություն էր թողել։ Չնայելով, որ արդեն ճաշի ժամանակ էր, վարպետ Փանոսն անգամ մի առանձին հետաքրքրությամբ լսում էր նրան, և չէր կամենում խանգարել նրա խոսակցությունը, պատվիրելով, որ ճաշի սեղանը պատրաստեն։ Նա շարունակեց.
— Որքան մահմեդական ժողովրդի ներկայացուցիչները շնորհալի են օտարներին գրավելու մեջ, այնքան մերոնք կոպիտ և անշնորհք են։ Երբ որ եվրոպացին նրա դուռը կբախե, նա կա՛մ իր դուռը կփակե նրա առջև կա՛մ եթե ներս կընդունե և մի կտոր հաց կտա, անպատճառ կաշխատե իր անվերջ տրտունջներով, իր լացուկոծով ձանձրացնել իր հյուրին։ Հայը իր դատը մարդավարի կերպով պաշտպանելու ընդունակություն չունի։ Դարավոր ստրկությունը սովորեցրել է նրան վիզը ծռել և խնդրել։ Նա չէ կարող իր դժգոհությունը հայտնել, առանց ստորացնելու իր անձնավորությունը։ Նա կա՛մ այդպես կվարվե, կա՛մ բոլորովին կլռե, ամեն ինչ թողնելով նախախնամության կամքին։
— Եվրոպացին, ճանապարհորդելով արևելքում, ըստ մեծի մասին թողնում է, անցնում է գյուղերը և կանգ է առնում միայն քաղաքներում։ Եվ որովհետև քաղաքներում օրինավոր հյուրանոցներ չկան, այլ կան միայն կեղտոտ քարվանսարաներ, այդ պատճառով նա օթևան է որոնում մասնավոր տներում։ Թուրք կառավարիչները, որպես հիշեցի, մեծ ուրախությամբ ընդունում են նրանց իրանց հարկի տակ։ Նա չէ մտնում հայ գյուղացու, հայ արհեստավորի տունը, որոնք իրանց սիրտը, հոգին և ամեն ինչ դնում են աստուծո հյուրի առջև, որոնք իրանց նահապետական պարզությամբ կարող էին հիացնել ամեն մի օտարականին։ Եթե պատահում է եվրոպացուն մի հայի տուն մտնել, անպատճառ դա կա՛մ արքունի ծառայող կլիներ, կա՛մ մի կապալառու և կամ մի հարուստ վաճառական։ Ծառայողը, կապալառուն, վատ չէր խոսի այն կառավարության մասին, որից ինքը հաց է ստանում։ Իսկ վաճառականը ամեն ազգի մեջ՝ ըստ մեծի մասին եսական է, անտարբեր է դեպի հասարակաց թշվառությունները: Ցավալին այն է, որ եվրոպացիները միշտ հայ վաճառականների են հանդիպել, և նրանց գլխում մեխի պես ցցվել է այն սխալ կարծիքը, թե հայոց ազգը բաղկացած է ամբողջապես վաճառականներից։ Այդ մեխը մինչև այսօր անհնար է եղել դուրս քաշել։ Այդ է գլխավոր պատճառը, որ մեր ազգը համեմատում են հրեաների հետ և շատ նման են գտնում։ Դեռևս չգիտեն, որ արևելքում, ուր որ հայեր են բնակվում, արհեստը և երկրագործությունը գլխավորապես նրանց ձեռքումն է, չգիտեն, որ այդ աշխատասեր հայերն են, որ ճնշված են, հարստահարված են, և իրանց վաստակով կերակրում են իրանց անհագ նեղիչներին։