Բ
Միր-Մահմուգ-խանը տիրելով Սպահանին, Պարսկաստանի արևելյան մասը ամբողջապես ընկավ ավղանների իշխանության ներքո։ Իսկ արևմտյան մասում, որի հետ և Հայաստանում, այդ ժամանակ կատարյալ անիշխանություն էր տիրում։ Թեև աթոռազուրկ Շահ-Հյուսեինի որդի Թահմազ-Միրզան, Սպահանի պաշարման միջոցում, գաղտնի փախչելով դեպի Մազանդարան, իրան պարսից թագավոր հրատարակեց, և այնտեղից գալով Ատրպատական, երկրաշարժությունից քայքայված Թավրիզը իրան աթոռանիստ քաղաք ընտրեց, բայց նրա ուժերը այնքան թույլ էին, որ հազիվ թե կարող էր այդ երկրները պահպանել։ Մտածելով, թե իր բոլոր դժբախտությունների պատճառը հայերն են, թե նրանք առաջնորդեցին ավղաններին, թե նրանք միացած են իր թշնամիների հետ, Թահմազ-Միրզան, որ այժմ կոչվում էր Շահ-Ռահմազ, կամեցավ իր վրեժխնդրության թույնը թափել Թավրիզի հայերի վրա, հրամայելով նրանց բոլորին կոտորել։ Բայց նրա Հովհաննես անունով հայազգի ժամագործը, որ շատ սիրելի էր թագավորին, ամոքեց նրա բարկությունը և ազատեց հայերին մի մեծ կոտորածից։
Բոլոր հանգամանքները նպաստում էին Պարսկաստանի բաժան-բաժան լինելուն և նրա իսպառ կործանմանը։ Այդ հանգամանքներից օգուտ քաղելով, երկու ավելի հզոր պետություններ՝ օսմանցիք և ռուսները, աշխատում էին իրանց ձեոքը գցել Պարսկաստանի արևմտյան մասը, որ դեռ ազատ էր մնացել ավղանների տիրապետությունից։ Ռուսաց թագավոր Պետրոս մեծը աչք ուներ Կասպից ծովի հարավային եզերքի ամենաբարեբեր նահանգների վրա։ Գիլանը և Ռաշտը արդեն ռուսների ձեռքումն էին։ Իսկ оսմանցիք մտածում էին տիրել պարսկական Հայաստանին, որպեսզի արգելեն ռուսների իրանց սահմաններին մոտենալը։
Ի՞նչ էին մտածում այդ ժամանակ հայերը․ ի՞նչ էր մտածում ամենից շատ հալածված, ամենից շատ տանջված, ամենից շատ հարստահարված ժողովուրդը։— Հայերը նույնպես անտարբեր չէին, նրանք ևս պատրաստվում էին ձգել պարսկական ծանր լուծը, որ