Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մոռանալ կտա ինձ կնոջ սերը։ Բայց իզուր... Այնտեղ ավելի բորբոքվեցան սրտիս մարած կայծերը. այնտեղ ավելի սկսեց տանջել ինձ կորած սերը։ Ամեն անգամ, երբ ծունկ իջած աստվածամոր պատկերի առջև, աչքերս դեպի վեր դարձնելով, աղոթում էի, նույն րոպեում քո գեղեցիկ պատկերն էր աչքերիս առջև երևան գալիս... Ամեն անգամ, երբ կամենում էի սաղմոսներ երգել, քո երգն էր թռչում իմ բերանից... Վանքը չկարողացավ բուժել վիրավորված սրտի վերքերը, վանքը չկարողացավ տալ ինձ այն, որ խլված էր ինձանից...

— Որոնում էի մի հոգեկան և մտավոր պարապմունք,— շարունակեց նա,— որ գրավեր իմ մտածությունները, որ միանգամայն մոռանալ տար քեզ, բայց վանքի դատարկության մեջ ոչինչ չէի գտնում։ Երբ սկսվեցավ մեր հայրենիքի ազատության գործը, ես հոգով ու մարմնով նվիրվեցա նրան։ Նրա մեջ գտնում էի և իմ փրկությունը, որովհետև այդ գործը զբաղեցնում էր ինձ, քեզ վրա մտածելու ժամանակ չէր տալիս։ Իսկ երբ ձեռնարկվեցավ այդ բերդի պաշարմանը, երբ իմացա, թե ինչ վտանգ է սպառնում այստեղի բնիկներին,— ես կրկին մտաբերեցի քեզ, Սառա, մտաբերեցի իմ զավակին և աճապարեցի օգնության հասնել։

Վերջին խոսքերի միջոցին Սառան ընկավ աբեղայի կուրծքի վրա, և իր գլուխը թաքցնելով նրա գրկի մեջ, սկսեց լաց լինել։ Արտասուքի միջից լսելի էին լինում այս խոսքերը. «Նա դեռ չէ մոռացել անառակին... նա չէ զզվում, չէ ատում նրան... ա՛խ, ես բախտավոր եմ, շատ բախտավոր...»։

— Երանի՜ թե ատել կարողանայի, Սառա, երանի՜ թե զզվել կարողանայի...— ասաց աբեղան ցավալի ձայնով։— Երանի՜ թե դու մի մեծ վատություն արած լինեիր ինձ, որով պատճառ տայիր քեզ ատելու, որ մոռանայի, հավիտյան մոռանայի քեզ։ Բայց դու այդ չարեցիր, և եթե դու ընկար վատության մեջ, ես եղա առաջին գլորողը... դու մեղավոր չես...

Սառան գրկեց նրան, և գեղեցիկ կնոջ ջերմ շրթունքը սեղմվեցան աբեղայի երեսի վրա։ Նա, որպես մի կախարդող հպավորությունից խորշելով, բացականչեց.

— Սառա, մի՛ համբուրիր ինձ, հայհոյիր, նախատիր ինձ։ Սառա, անծեքներ թափիր իմ գլխին, որ ես բարկանամ, որ ես կարողություն ստանամ քեզ չսիրելու։ Այդ եմ ցանկանում ես և այդ կհանգստացնե ինձ։ Տո՛ւր ինձ մի պատճառ քեզ ատելու,— դրա մեջն է իմ բախտավորությունը...