Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Խանը գունաթափվեցավ։

— Քեզ ո՞վ ասաց,— հարցրեց նա վրդովվելով։

— Նրանք, որ դիակը տեսել էին դեպի Բարդյուշատ տանող ճանապարհի վրա, Չավնդուր գետի ափի մոտ,— պատասխանեց վեզիրը հանդարտությամբ, և ավելացրեց.— եթե մեր նամակը հասած ևս լիներ Ֆաթալի խանի ձեռքը, դարձյալ նա մեզ օգնել չէր կարող, որովհետև նա այժմ իր կաշուցն է վախենում, ամրացնում է իր բերդը Գավդադըղ ավանի մոտ։ Բեկի հաջողությունները ամենի վրա սարսափ է գցել։

Խանը մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Մեզ օգնության կհասնի Լեհվազի խանը՝ Սեֆի-Կուլին. մենք նրա մոտ ևս դեսպան ենք ուղարկել։

— Սեֆի֊Կուլին այժմ թողել է Լեհվադը և փախել է Ալան֊զազի լեռների վրա։ Կալերցի Պապ զորապետը, որը Դավիթ Բեկի քաջերից մեկն է, չարաչար կերպով հալածում է Սեֆի-Կուլիին։

— Մեզ օգնության կհասնի աստված, հասկանո՞ւմ ես, Մուհամմեդի և Ալիի աստվածը, նա, որ մի բուռն մուսուլմաններով տարածեց իսլամի տիրապետությունը ամբողջ աշխարհի վրա։

— Աստուծո օգնությանը ապավինելը մենք պարտավոր ենք, բայց պետք է մտածել, որ մեր թշնամիներն էլ աստված ունեն։

— Նրանց առաջնորդում է սատանան, իսկ ճշմարիտ աստվածը երեսը դարձնում է անհավատներից։

— Երբեմն սատանան ավելի գործ է կատարում, ինչպես այսօր։ Մեր առաջապահ զորքերը բոլորը ջարդվեցան։

— Դրանով աստված կամեցավ մի փոքրիկ խրատ տալ մեզ։

— Ինչու՞ չեք ասում՝ մի մեծ խրատ։

Տհաճության մռայլը դարձյալ անցավ խանի սարսափելի դեմքի վրա, և նա զայրացած կերպով պատասխանեց.

— Վեզիր, դու միշտ սովորություն ունեիր խրախուսել, սիրտ տալ ինձ, իսկ այսօր ի՞նչ է պատահել քեզ հետ. քո բոլոր խոսքերը հուսահատական են։

— Այսօր ես ցանկություն չունեմ ձեզ շողոքորթելու, եթե խոսում եմ ճշմարտությունը, այդ առաջ է գալիս իմ դեպի ձեզ ունեցած հավատարմությունից։

— Այդ հավատարմություն չէ, վեզիր, դու ցանկանում ես անպատվությամբ արատավորել իմ սուրը,— ասաց նա բավական զգացված կերպով,— Լսի՛ր իմ վերջին խոսքը. առանց աստուծո կամքի ոչինչ չէ կատարվում. եթե հասել է իմ իշխանության վախճանը,