Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կլինի այն, ինչ որ վճռել է նախասահմանությունը։ Իսկ եթե դեռևս ամենակալի աջը պիտի հովանավորն իմ իշխանությանը, այն ժամանակ, եթե երկնքի աստղերի թվով զորքեր ևս գալու լինեն մեզ վրա, դարձյալ մեր գլխից մի մազ անգամ չի պակսի։ Մենք պիտի ընդդիմանանք մինչև վերջին շունչը, կամ կազատենք մեր բերդը, կամ նա մեր գերեզմանը կդառնա...

— Վերջինը ավելի հավանական է․․․

— Թո՛ղ այդպես լինի։ Երկուսի մեջ ևս տիրեց մի խորհրդավոր լռություն։ Դա վտանգավոր հիվանդի և բժշկի մեջ տիրող լռության նմանությունն ուներ, երբ վերջինը սկսում է մտածել, թե ինչ դարման պետք էր տանել նրա ցավերին։

— Դուք հայտնեցիք ձեր վերջին խոսքը, խան,— ասաց վեզիրը ծանր կերպով,— բայց խիղճս հանգստացնելու համար, թույլ տվեցեք ինձ ևս հայտնել իմ վերջին խոսքը։

Խանը ոչինչ չպատասխանեց։ Վեզիրը շարունակեց․

— Ամբողջ Ղափանը ապստամբված է մեր դեմ։ Մենք կենում ենք շրջապատող կրակի և սրերի մեջ։ Հալիձորի ծերունի Մելիք-Փարսադանը, որ երկաթի սիրտ ունի, իսկ գայլի խիղճ, իր փեսա տեր Ավետիքի հետ առաջնորդում են տեղային ապստամբներին։ Ամբողջ Գենվազը ապստամբված է. եքդաստանցի Ստեփաննոս իշխանը, որ սատանայի խելք ունի և Րուստեմի քաջություն, կալերցի Պապ զորավարի հետ առաջնորդում են տեղային ապստամբներին։ Ամբողջ Չավնդուրը ապստամբված է. խորձորցի Թորոս իշխանը, որ փղի ուժ ունի և առյուծի սիրտ, իր ազգակից Մելիք֊Նուբարի հետ առաջնորդում են տեղային ապստամբներին։ Ամբողջ Սիսիանը ապստամբված է. բայինդուրլեցի Բայինդուր իշխանը,— այդ սարսափելի հսկան, որ իզուր չստացավ մեր շահ Հյուսեին թագավորից «բաթման-ղլիճ» անունը,— Ուժանիս գյուղացի վիթխարի տեր Կասպարի հետ, որ կոչվում է «ավշար երեց», առաջնորդում են տեղային ապստամբներին։ Դեռ չէ շարժվել միայն Բարգյուշատը, որովհետև Երիցվանիկ ավանի մելիք Ֆրանգյուլը տակավին պահպանում է իր բարեկամությունը Ֆաթալի խանի հետ, և դեռ չէ անցել ապստամբների կողմը։

— Ես չեմ կամենում երկար խոսել մասնավոր խումբերի մասին, որոնք զանազան կողմերում, այս և այն զորավարի առաջնորդությամբ ասպատակում են երկիրը։ Օրինակ, Բաղարերդի Ադամ զորավարը սարսափի մեջ է գցել իր բերդից սկսած մինչև