Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այդ էր պատճառը, երբ խանը հրամայեց վեզիրին, որ ածել տա պատերազմական թմբուկները, այդ միջոցին, հրդեհով բռնված ամրոցի հանդեպ, հրապարակի վրա, մի քանի րոպեի մեջ հավաքվեցան նրա բազմաթիվ զինվորները, որոնք առաջ բոլորովին վհատած և սրտաբեկ էին եղած: Նրանք կրկին վստահություն և խրախույս ստացան, երբ լսեցին խանի քաջալերական խոսքերը: Իսկ երբ մոլլաների գլխավորը իր չավուշների բերանով հայտնեց աստուծո և նրա մարգարեի հրամանը, ամբողջ մահմեդական ամբոխը ոգևորվեցավ կրոնական խավար հափշտակությամբ, և մի մարդու նման, ոտքի ելավ կռվելու «անհավատների» դեմ։

Խանը վեզիրի հաղորդած տեղեկությունները հուսահատական համարելով, ավելի ճիշտ ասած, չհավատալով նրան, այժմ դարձավ դեպի իր զորքերի գլխավոր հրամանատարը, հարցնելով.

— Աքպար, ի՞նչ ես կարծում, ո՞րքան զինվորներ կունենա Բեկը։

— Իմ տերը թող ողջ լինի,— պատասխանեց զորապետը. — գավուրը ո՞րքան զինվորներ կարող է ունենալ, շատ֊շատ` մի քանի հարյուր հոգի։ Բայց բանը թվի մեջը չէ. դիցուք թե ունենա մի քանի հազար, մի քանի բյուր զինվորներ։ Բայց մի՞թե ճանճերի բազմությանը կարելի է նշանակություն տալ:

Բռնակալներն այն աստիճան սովորած են լինում շողոքորթությունների, որ թեև հասկանում են շողոքորթի ստությունը, խաբեությունը, բայց դարձյալ սիրում են լսել նրանց։ Դա մի ախտ է, նույն մոլորությունների նման, երբ մեկը թեև հասկանում Է, որ աֆիոնի կամ արաղի գործածությունը թունավորում է, ոչնչացնում է իր կազմվածքը, բայց դարձյալ սիրում է գործ ածել։

— Ուրեմն հաղթությունը մեր կողմն է,— ասաց խանը:

— Տարակույս չկա,— պատասխանեց զորապետը մի առանձին արհամարհական ժպիտով։— Թող իմ տերը միայն հրամայե իր ծառային, այն ժամանակ կտեսնե, թե Աքպարը ինչ խաղ կխաղա այդ անհավատների գլխին։

— Զորանաս, Աքպար,— ասաց խանը գոհունակությումբ.— ես կվարձատրեմ, առատությամբ կվարձատրեմ քո քաջությունը։

Վեզիրի քթի տակից ծիծաղելով, լսում էր այդ խոսակցությունը։ Իսկ սնապարծ Աքպարը ավելի ևս փքեց դյուրահավան խանին, ասելով.

— Տեր իմ, ձեր սրի զորությունից լեռները դողում են, իսկ