Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Տարեք դրան, բանտարկեցեք, ես առավոտյան, հենց այդ հրապարակի վրա, դրան գլխատել կտամ:

Զորքերի գլխավոր հրամանատարի ուրախությանը չափ չկար. նա հաղթեց իր թշնամուն. վեզիրին տարան։

Ճանապարհին իր մտքումը ասաց նա. «Եթե մինչև առավոտ դու կենդանի մնալու լինես, վնաս չունի, ինձ գլխատել տուր...»

Հետո խանը դառնալով դեպի շողոքորթը ու զրպարտիչը, ասաց նրան.

— Քեզ, Աքպար, այս րոպեից վեզիր եմ նշանակում: Դու կմնաս միևնույն ժամանակ քո հրամանատարության պաշտոնի մեջ։

Շողոքորթը մինչև գետին խոնարհվեցավ և գլուխ տվեց, ասելով.

— Իմ հոգին և իմ արյունը նվիրված է իմ տիրոջը, ես նրա փառքի համար պիտի գործեմ և նրա մեծության համար պիտի աշխատեմ։

Նոր վեզիրը և հին հրամանատարը սկսեց կարգի դնել զորքերը: Նրանք զենքեր ունեին, և որի մոտ մի զենք ավելորդ էր, առնում էր, տալիս էր չունեցողին: Մի քանի րոպեի մեջ գունդերը պատրաստվեցան և նրանց վրա զորապետներ կարգվեցան։

Թշնամու թմբուկների ձայներին այժմ ավելի սաստկությամբ փոխարինեցին հրանոթների ձայները։ Հեռվից կրակ էին թափում: Խանը ստիպված էր թողնել ամրոցը հրդեհի կամքին և մի կրակից դիմել դեպի մյուս կրակը: Նա ամենևին չմտաբերեց, նա, կարծես, մոռացել էր, որ հրդեհի բոցերի մեջ մնում են նրա բազմաթիվ կնիկները, նրա զավակները...

Նա օգնության կանչեց ալլահին ու նրա մեծ մարգարեին, հետո հրամայեց զորքերին, որ առաջ խաղան:

Խանը, որքան ուրիշ բաներում տգետ էր, այնքան պատերազմական գործի մեջ հմտություն ուներ: Նա նկատեց, որ թշնամու հրանոթները զանազան կողմերից էին կրակ թափում—բերդի դրսից և բերդի ներսից: Այդ պատճառով, իր զորքերը մի քանի մասերի բաժանելով, առանձին զորապետների առաջնորդությամբ, ուղարկեց նրանց հանդեպ։ Իսկ ինքը իր թիկնապահներով և մի փոքրիկ խմբի հետ մնաց, որ վերահսկե այլ և այլ կետերում կատարված գործողությունների վրա։

Ամբողջ բերդաքաղաքը ծխում էր վառոդի մուխի մեց: Այդ