Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բոլորը լա՛վ պտուղներ են...— ասաց մելիքը դառն ժպիտով։— Ընտրությունը վատ չէ... այդ Բեկը, երևում է, գործ հասկացող մարդ է... իմ դեմ ուղարկում է այնպիսի մարդիկ, որոնք հին հաշիվներ ունեն ինձ հետ վերջացնելու։

— Բայց դու կարո՞ ղ ես ինձ ասել, թե որքան հոգուց է բաղկացած Թորոսի զորախումբը,— դարձավ նա դեպի լրտեսը։

— Կարող եմ,— պատասխանեց լրտեսը,— մատներով կարելի է համբարել նրա ունեցած զորքը.— հինգ հազար հոգուց ավելի չի լինի. հազար հոգու չափ ձիավորներ են, իսկ մնացածները հետիոտներ։

— Ինչպե՞ս են զինված։

— Զենքերի կողմից, պետք է ասած, վատ չեն. Ասլամազ-Կուլի խանի բոլոր ընտիր զենքերը հիմա դրանց ձեռքումն է։

Մելիքը դարձյալ լուռ կացավ, շարունակեց իր անցուդարձը սենյակի մեջ։ Նրա մի քանի րոպե առաջ մռայլված դեմքը այժմ փոքր-ինչ պարզվեցավ։ Իր մտքում նա իսկույն հաշվեց, թե թշնամու հինգ հազարի դեմ որքան զորք կարող էր դուրս բերել ինքը և իր պաշտպան Ֆաթալի խանը։ Նա կրկին դարձավ դեպի լրտեսը.

— Դու ինձ ոչինչ չասեցիր տեր Ավետիքի մասին։

— Հա՛, մոռացա, «մեծ էշը ախոռումն է մնացել»...— պատասխանեց քեչալը ծիծաղելով։— Տեր Ավետիքը Բայինդուր իշխանի հետ (այդ գիժը մի զարմանալի մարդ է) և Տաթևի միաբան Խորեն հայր սուրբի հետ գնացին դեպի Զանգեզուրի և Սիսիանի կողմերը։— Մի բան ասեմ ծիծաղեցեք. դրանց զորքի մեջ կա մի կին, որին կոչում են Սառա, դա, ասում են, Խորեն հայր սուրբի սիրուհին է. կա մի աղջիկ, որին կոչում են Փարիշան, դա ամբողջ զորախմբի որդեգրուհին է։ Ամեն անգամ կռվից առաջ այդ աղջիկը իր ձեռքով արաղ է բաժանում զինվորներին, որ լավ կռվեն։ Անիծածը շատ գեղեցիկ է, եթե ինձ էլ խմացներ, խաչը վկա, ես էլ առյուծ կդառնայի...

Լրտեսի վերջին խոսքերը ոչ շարժեցին մելիքի ծիծաղը և ոչ էլ հետաքրքրեցին նրան։ Նա ընդհատեց հրապուրված քեչալի պատմությունը, հարցնելով.

— Քո ինձ հաղորղած տեղեկությունները ինչպե՞ս հավաքեցիր:

— Ես Բեկի բանակի մեջ էի, շատ բան այնտեղ խոսվում էր...— ասաց լրտեսը, հետո սկսեց պատմել, թե որպիսի խորամանկություններ գործ դրեց իր ցանկացած տեղեկությունները ձեռք բերելու համար։