Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բեթլեհեմի այրի դռան հանդեպ կանգնած լաց էր լինում նա, մոտեցավ մի կին, և նստեցրեց նրան մի կախարդական սափորի վրա, որը մի ակնթարթում Երուսաղեմից հասցրեց նրան Սյունյաց աշխարհը և իր վանքը Արծվանիկում։ Միաբանները դեռ չէին ավարտել ճրագալույցի երեկոյան պատարագը, երբ տեսան նրան և զարմացան։

Երիցակա վանքը Սյունյաց աշխարհի ամենափառավոր վանքերից մեկն էր. նրա հոյակապ շինվածքը ներկայացնում էր հայկական ճարտարապետության սքանչելի գործերից մեկը։ Նրա շուրջը գտնվում էին մենակյաց միաբանների համար գեղեցիկ խուցեր. ընդարձակ սեղանատուն, ամբարանոցներ լի ամեն տեսակ պաշարեղեններով և ախոռատներ բազմաթիվ անասուններով։ Այստեղ կերակրվում էին մարդկային հասարակությունից հալածված ուրուկներ և այլ տեսակ ախտավորներ, որոնց վրա միաբանությունը առանձին խնամք էր տանում և բժշկում էր[1]:

Վանքը, որպես մի գեղեցիկ պսակ, դրած էր լեռնային բարձրավանդակի վրա, հովանավորված անտառի մշտականաչ ծառաստանով, որի լռության մեջ, թռչունների ուրախ երգերի հետ, հնչվում էին աստծուն նվիրված աբեղաների սաղմոսերգությունները։ Նրա ստորոտում, ժայռերի սրտում, գտնվում էին բնական քարանձավներ, որոնց մուտքը թաքնված էր խիտ պատատուկների մեջ, որոնք ծառերի բույնի նման կախված էին անդունդի վրա, որը հազարավոր քայլերի խորությամբ, որպես մի հսկայական վիհ, բացվում էր դեպի ցած։ Այդ քարանձավների խլության մեջ առանձնացած էր աշխարհից բոլորովին հրաժարված ճգնավորի միաբանությունը, որոնք ոչ արևի լույս էին տեսնում և ոչ ադամորդիների երես։

Բայց Դավիթ Բեկի հայտնվելուց մի քանի տարի առաջ այդ վանքը, որ ավելի քան տասներկու դար գոյություն ուներ, բոլորովին քայքայվեցավ, բոլորովին զրկվեցավ իր վայելչությունից։

Այդ ժամանակ վանքի միայն մերկ կմախքն էր մնացել։ Հոյակապ տաճարի արտաքին սրբատաշ քարերը պոկած էին. կանգնած մնում էին միայն ահագին կամարները[2]: Բացի տաճարից, վանքի բոլոր շինությունները քանդված էին։ Իսկ նրանց փոխարեն, մի

  1. Այդ ավանդությունը նկարագրում է և Ստեփաննոս Օրբելյանն իր Սյունյաց պատմության ԺԹ գլխում:
  2. Միևնույն դրության մեջ մնում են մինչև այսօր: