Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


քանի քայլ հեռավորության վրա, կառուցված էր մի հիանալի ամառանոց: Այդ ամառանոցը պատկանում էր Ֆաթալի խանին: Նա շինված էր վանքի քարերով: Անգութ թուրքը չխնայեց մինչև անգամ եպիսկոպոսների շիրիմներին, աբեղաների գերեզմաններին, և նրանց տապանաքարերը գործ ածեց բաղանիքների ու ախոռատների շինության համար։ Միշտ աղոթող ճգնավորների մենարաններում այժմ բնակվում էին ավազակներ։

Ֆաթալի խանը, որպես մի խաշնարած ցեղի գլխավոր, իր հոտերով տարվա տաք եղանակները առաջ անց էր կացնում Ղարադաղի լեռների վրա, իսկ ձմեռը վերադառնում էր Բարգյուշատի գավառը, բնակվում էր իր սեփական ձմեռանոցում, որ գտնվում էր Ալթինջի գյուղում։ Բայց այն օրից, երբ նա բարեկամացավ մելիք Ֆրանգյուլ ուրացողի հետ, փոխեց իր կենցաղավարության եղանակը: Մելիքը նրան մի առանձին ծառայություն անելու համար, թույլ տվեց իր սեփական ավանի` Արծվանիկի մոտ ամառանոց կառուցանել։ Խանը ընտրեց Երիցակա վանքի գտնված տեղը, որը իր սքանչելի դիրքով, իր լեռնային բարձրությամբ և գեղեցիկ անտառներով ամեն հարմարություններ ուներ ամառանոցի համար։

Մելիքը մատնեց մահմեդականի ձեռքը այդ քրիստոնեական վաղեմի սրբավայրը, մի լոկ նպատակի համար, որ նրան իր մոտ պահե, որ պատահած ժամանակ կարողանա նրա ուժերրց օգուտ քաղել:

Խանը շինեց իր հիանալի ամառանոցը հայոց վանքի քարերով և մի հարուստ հայից հափշտակած փողերով։ Այդ հայի անունն էր Խոջա-Օհան, որը բնակվում էր իր հիմնած սեփական գյուղում, որ իր անունով կոչվում էր Խոջահան[1]։ Խոջա-Օհանը մի երևելի վաճառական էր, խանը մեղադրեց նրան այն հանցանքի մեջ, իբր թե նա հեռու երկրներից զենքեր է տեղափոխում իր թշնամիների համար։ Այդ առիթով սպանեց նրան, նրա անբավ հարստությունը հափշտակեց և նրա ամբողջ ազգատոհմը բռնավորի անգթությանը զոհ դարձավ։

Առավոտ էր, այն գեղեցիկ, խաղաղ առավոտներից մեկը, որ միայն լեռնային անտառապատ աշխարհներին հատուկ է։

Ֆաթալի խանի ամառանոցի մեջ դեռ բոլորը քնած էին։ Մի տիկին միայն զարթել էր, հագնվել էր, պատրաստվում էր կատարել

  1. Այդ գյուղը այժմ թուրքաբնակ է և կիսավեր դրության մեջ, գտնվում է Բարգյուշատի գավառում: