Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


օսմանցոց լծի տակ: Դավիթը մնաց միայն յոթանասուն անձնանվեր տղամարդերի հետ իր բերդի մեջ Հալիձորում։ Նրանից չբաժանվեցան և տեր Ավետիքը, Մխիթար սպարապետը, Մելիք-Փարսադանը, Տաթևի երեք եպիսկոպոսներ և տասներկու քահանաներ։ Նրա մնացյալ զորքը բոլորը ցրվեցան։ Այսուամենայնիվ Դավթի արիությունը ամենևին չթուլացավ. նա մնաց միշտ քաջասիրտ և անձնավստահ։ Նախ և առաջ նա հոգ տարավ ամրացնել բերդը, պաշար հավաքել այնտեղ և խրախուսել իր ընկերներին։

Ղափանը տիրելեն ինն ամիս հետո, Դավթի բերդին մոտենում են օսմանցոց զորքերը երկու փաշաներով, որ կոչվում էին Պեքիր և Արաբ-Ալի։ Նրանց առաջնորդում էր Բարգյուշատա խանը։ Նրանց թվում գտնվում էին և շատվոր հայեր Գողթան գավառից և առավելապես Ագուլիս քաղաքից, որոնք տաճիկներին հաճոյանալու համար, խառնված էին նրանց հետ։ Այլևս տեղային թուրքերից շատերն, որոնք հին ոխ ունեին Դավթի դեմ, միացել էին թշնամու հետ։

Օսմանցիք բանակ են կազմում Հալիձորի հանդեպ։ Դավիթը մի փոքրիկ խմբով բռնում է ավանի մյուս կողմը։ Երկու կողմերը բաժանված են լինում գետով, որը նույն միջոցին հորդացած լինելով, դժվարացնում էր անցքը։ Դավիթը բռնում է գետի անցքը և մինչև երկու օր թույլ չի տալիս օսմանցիներին անցնել: Բայց երրորդ օրը հայոց հրացանավորները, որոնք տաճիկների հետ էին և որոնք ծանոթ էին այն տեղորայքը, անցնում են գետը ուրիշ կողմից և բռնում են Հալիձորի մի մասը։ Անցքը բացվում է օսմանցիների առջև։ Դավթին դժվար էր այնուհետև արձակ դաշտում ընդդիմանալ թշնամու բազմությանը։ Նա յուրայիններով, որոնց թիվը ավելի չէր, քան երեքհարյուր և հիսուն հոգուց, պատսպարվում է Անապատ կոչված ամրոցի մեջ։

Այս բերդը կոչվում էր Անապատ այն պատճառով, որ նրա մեջ զետեղված էր մի կուսանոց, ուր կային թվով քառասուն միանձնուհիք։ Օսմանցիք գետը անցնելեն հետո պաշարեցին բերդը։ Վեց օր տևեց պաշարումը։ Օսմանցիք անդադար ռմբակոծում էին, և իրանց պատերազմական բոլոր հնարները գործ էին դնում, բայց նրանց ջանքերը մնում էին ապարդյուն։

Յոթներորդ օրը պաշարողները վճռում են վերջնական հարձակումն, և իրանց զորքերը երեք մասի բաժանած, երեք կողմից դիմում են դեպի բերդը։ Եվ չնայելով բերդի ներսից կարկտի պես թափվող գնդակներին, նրանք մոտենում են պարիսպներին, կանգնեցնում