Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


իր գոտիի միջից թղթերի ահագին փաթոթը, սկսեց նրանց միջից ջոկել տաթևացիների հաշիվները։

Այդ միջոցին խանի վրանը մտավ ցեղի ընդհանուր հոգևոր գլուխը — իմամը։ Բոլորը ոտքի վրա կանգնեցին, նրան գլուխ տվեցին։ Խանը հրավիրեց նրան իրանից բարձր նստել, նույն թանկագին օթոցի վրա, ուր առաջ ինքն էր նստած: Քննությունը հայերի հարստահարության մասին ընդհատվեցավ։

Սովորական հարցուբարևներից հետո, խանը ծիծաղելով դարձավ դեպի իմամը, ասաց.

— Ի՞նչ է շինում ձեր դերվիշը, պատրաստե՞ց խոստացած մաջունը:

— Դեռ բոլոր նյութերը ձեռք չեն բերված,— պատասխանեց իմամը լուրջ կերպով.— հարկավոր է դեռևս հարյուր մսխալ մարգարիտ, հարյուր մսխալ խոշոր մարջան, տասն մսխալ ալմաստ, տասն մսխալ յաղութ, տասն մսխալ լալ, հինգ մսխալ մուշք, հարյուր մսխալ չուբի-չին, երկու հարյուր մսխալ յալդուզի ոսկի, և մի քանի ուրիշ նյութեր։ Այստեղ անկարեի է բոլորը գտնել, միտք ունեմ գրել Թավրիզ, որ այնտեղից ուղարկեն։

— Ամենևին հարկավոր չէ գրել Թավրիզ,— ասաց խանը իր ծառայությունը ցույց տալու համար իմամին,— բոլորը կգտնվեն ինձ մոտ, դուք կարող եք ստանալ ինձանից այդ բոլոր գոհարները, որքան պետք է ձեզ, միայն այն պայմանով, որ փողի փոխարեն շնորհեք ինձ ձեր սուրբ օրհնությունը։

— Ես առանց այդ ևս ամեն օր իմ նամազների մեջ հիշում եմ ձեզ,— ասաց իմամը իր հատուկ բարեսրտությամբ։

Խանը լուռ գլուխ տվեց ի նշան իր շնորհակալության։

Իմամը վաթսուն տարին անցրած մի շոր ու ցամաք ծերունի էր, ոտքից մինչև գլուխը սպիտակ հագնված, որպես վայել էր այդ նրա բարեպաշտությանը։ Նրա գլխի ճերմակ չալման մի ահագին կաղամբի էր նմանում, իսկ մեջքի հաստ գոտին, փրփուրի պես սպիտակ և նուրբ գործվածքից, դիզվել էր փորի վրա։ Նա տասներկու կնիկներ ուներ, իսկ այդ հասակում կամենում էր պսակվել մի դեռահաս, տասներկու տարեկան աղջկա հետ, հույս դնելով իր դերվիշի հրաշալի մաջունի վրա, որը պետք է վերադարձներ նրա մանկությունը, և նրան մի առույգ երիտասարդի սիրտ և ուժ պիտի տար: Նա բոլորովին հավատում էր իր վերածնելությանը, թեև հրաշալի մաջունը նրան շատ թանկ պիտի նստեր, թեև բոլոր գոհարեղենները պիտի մտնեին խորամանկ դերվիշի