— Բոլորովին ապարդյուն է քրքրել այդ թղթերը և նրանցից որևէ եզրակացության հասնել: Մեր այժմյան դրության մեջ` հաշիվը ոչ միայն կսխալեցնե, այլև կմոլորեցնե մեզ։ Մեր գործերը հենց սկզբից անհաշիվ են տարվել։ Այնպես էլ պետք է շարունակել։ Այսինքն` կամենում եմ ասել, որ ժամանակը այնքան նեղ է և պահանջները այնքան ստիպողական են, որ մենք միջոց չունենք հինը ուղղելու և նոր կարգադրություններ անելու։ Մեզ պետք է այժմ անել մի վճռական քայլ, թեև այդ քայլը մինչև անգամ հակառակ լիներ խոհուն և խելացի ձեռնարկության։
— Բոլորովին ճիշտ է, — ասաց Սամվելը, որ դեռևս ոտքի վրա էր։
Սահակ Պարթևը ոչինչ չխոսեց։
— Այնուամենայնիվ, մենք պետք է չափենք մեր ուժերը,— նկատեց Մուշեղը։
— Մենք չափել կամ կշռել շենք կարող այն, ինչ որ դեռևս գոյություն չունի, — պատասխանեց Մեսրոպը։ — Մեր ուժերի չափը կախված կլինի այն հանգամանքներից, թե որքան հաջողությամբ առաջ կտանենք գործը։
— Հաջողությունը կամ անհաջողությունը հենց այժմյանից ևս կարելի է նախագուշակել, — ասաց Մուշեղը։
— Միայն հավանականության վրա հիմնվելով,— պատասխանեց Մեսրոպը։ — Մենք, կրկնում եմ, անձնավստահությունը պետք է ընտրենք մեզ որպես առաջնորդ, իսկ հաջողությունը թողնենք բախտի կամքին։
Սահակ Պարթևը ընդհատեց վիճաբանությունը, հարցնելով.
— Այդ «մենք»֊ը մի քանի անգամ կրկնվեցավ։ Բայց նախքան որևէ քայլ անելը, ես կարծում եմ, պետք է որոշել, թե ո՛վ ենք մենք։
Տիրեց ընդհանուր լռություն։ Հարցը բավական կարևոր էր։ Սամվելր առաջ անցավ, խնդրելով.
— Թույլ տվեցեք ինձ խոսել։
— Խոսի՛ր,— ասաց Պարթևը։
Նա խորին ոգևորությամբ կանգնեց յուր խորհրդակիցների առջև և, յուր բոցավառ աչքերը դարձնելով դեպի նրանց, խոսեց.
— Ո՞վ ենք «մենք», — այդ հարցը, իրավ, մի շատ դժվարին հարց է, և նրա վճռելը պետք է լինի գործի սկիզբը։ — Ո՞վ ենք «մենք»։ — Մենք ամեն ինչ ենք։ Եմ պատասխանը գուցե չափազանց հանդուգն կթվի ձեզ, բայց ես կաշխատեմ պարզել իմ միտ-