Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քը։ Մեր աշխարհի կառավարության մեջ երեք բարձրագույն անձինք առաջնակարգ դեր էին խաղում,—թագավորը, քահանայապետը և սպարապետը։ Այդ երեք գլխավորները այժմ չկան։ Թաղավորը աքսորված է Խումիստանի Անհուշ բերդը, սպարապետը աքսորված է դարձյալ նույն բերդը, իսկ քահանայապետը աքսորված է Միջերկրականի Պատմոս կղզին։ Մեր աշխարհը մնացել է զուրկ այդ երեք մեծ կառավարիչներից, որ վտանգի ժամանակ կարող էին թշնամուն դեմ դնել։ Իսկ թշնամին մեր դռանը կանգնած է, ներս մտնելու վրա է։ Ո՞վ պետք է ընդդիմանա նրան։ Ո՞վ պետք է պաշտպանե հայրենիքը կրակից և արյունից։ Ո՞վ պետք է մաքրե պարսկական պղծությունը, որ սպառնում է արատավորել մեր բոլոր սրբությունները։ Արքայական գահը վտանգի մեջ է. եկեղեցին վտանգի մեջ է. մեր լեզուն, մեր դպրությունը, մեր ավանդությունները, մեր ազգային բոլոր նվիրական ժառանգությունները վտանգի մեջ են։ Ո՞վ պետք է պաշտպանե։ Կրկնում եմ, թագավորը չկա, քահանայապետը չկա, սպարապետը չկա։ Բայց կան նրանց ներկայացուցիչները, որոնցից երկուսը հենց այստեղ լսում են ինձ։

Նա ձեռքը տարավ դեպի Սահակ Պարթևը և դեպի Մուշեղը և շարունակեց.

— Դո՛ւ, Սահակ, քահանայապետի որդին ես և կարող ես փոխարինել քո հորը։ Իսկ դո՛ւ, Մուշեղ, սպարապետի որդին ես և կարող ես փոխարինել քո հորը։ Թե քահանայապետությունը և թե սպարապետությունը մեր աշխարհի սովորությամբ ժառանգական են։ Մեկը սեփական է Լուսավորչի տանը, մյուսը` Մամիկոնյանների տանը։ Դրան ոչ ոք կարող է հակառակել։ Մնում է թագավորի ներկայացուցիչը։ Թագաժառանգը այստեղ չէ, նա պահված է Բյուզանդիայում։ Բայց հայոց տիկինր — թագուհին մեր ձեռքումն է։ Նրա անունով կարող ենք ամեն տեսակ հրամաններ տալ։ Կաղմե՛նք մի ժամանակավոր կառավարություն, անցնե՛նք գործերի գլուխը և սկսենք դեմ դնել թշնամուն։ Ես հավատացած եմ, որ ժողովուրդը կգա մեր ետևից։ Նա սիրում է միայն հրամաններ լսել, իսկ երկար չէ մտածում, թե որտեղից է գալիս հրամանը Այժմ, կարծեմ, բավական պարզ է, թե ո՛վ ենք «մենք»...

— Մենք ազատ ժողովուրդ չունենք, — նկատեց Մեսրոպը,— մենք ունենք նախարարներ միայն, որոնց հետ կապված են ժողովրդի զանազան մասները։

— Բոլորովին ճիշտ է,—պատասխանեց Սամվելը։ — Բայց իմ