Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիմնված եկեղեցու վարչության մեջ ո՛րևէ պաշտոն վարելու։ Ասպարեզը դարձյալ մնում էր օտարազգիներին։

Բացի վիճակային եպիսկոպոսություններից, որ վարչական պաշտոն էր, նոր հիմնված վանքերի վանահայրությունն ևս, Լուսավորչի օրերում, հանձնվեցավ օտարազգի կրոնավորներին: Նրանք կազմեցին վանական միաբանություններ, իհարկե, իրանց ազգայիններից, տիրեցին իրանց հանձնված վանքերի կալվածքներին, և այն աստիճան բռնացան, որ դարերից վերջը, երբ հարկավոր եղավ հեռացնել նրանց, մեծ դժվարությամբ կարողացան իրանց տեղից շարժել։

Արևմուտքում հռոմեական կայսրների հալածանքները, իսկ արևելքում դեռ անմեղ երկրի հրապուրանքը գրավեցին օտարազգի բախտախնդիր կրոնավորների մի ամբողջ հեղեղ դեպի Հայաստան, որտեղ երկրի նորահավատ թագավորը քրիստոնեական ոգևորությամբ յուր 620 գավառները նրանց առջևն էր դնում։ Միանգամ ստացած վանքը կամ վիճակը դառնում էր նրանց մշտական ժառանգություն։

Այդ օտարազգի կրոնավորները իրանց ազգակիցների միջոցով, որոնք առաջուց արդեն զետեղված էին հայոց վանքերում, այն աստիճան ճանաչում էին Հայոց երկիրը և նրա հարմարությունները, որ դեռ իրանք չեկած, կանխապես պայմանավորվում էին թագավորի և հայրապետի հետ, թե ո՛ր վիճակը, կամ ո՛ր վանքը կցանկանային ստանալ: Այստեղից շատ պարզ է, որ քրիստոնեությունը տարածելու առաքելական ոգին չէր, որ մղում էր նրանց դեպի Հայաստան, այլ լոկ շահախնդրություն, և կուսական երկրի առատաձեռն պատրաստակամությունը, որ նրանց ապահով պատսպարան էր ընծայում յուր գրկում։

Զենոբ Գլակը, ազգով ասորի, Տարոնի Իննակյան վանքի վանահայրը, յուր թղթի մեջ, որ ուղղված էր ասորոց եպիսկոպոսներին, ի թիվս այլոց այդպես է նկարագրում Հայոց երկիրը, հրավիրելով նրանց գալ Հայաստան։

«...Բայց դուք եթե կամենալով լինեք գալ այս երկիրը, բարություններով լի է այս երկիրը. տեղերը դաշտաձև են, անուշ ոգով և բազմաջուր, իսկ չորս կողմում՝ լեռների վրա շատ ամրոցներ կան։ Այս երկիրը բազմարոտ է և մեղրաբուխ. և որպես մանանան իջնում էր երկնքից այնտեղ հրեաների մոտ, նույնպես և այստեղ այդ երկրում՝ իջնում է անտառների վրա և քաղցր է ավելի քան մեղր, որ կոչում են գազապեն... Այս երկիրը ամեն