Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յուր այրական հասակում։ Բոլոր շարժմունքների մեջ նշմարվում էր եռանդ և վեհություն։ Նրա մեջ միացած էր երևում երկնային՝ յուր սրբազնական ազդեցությամբ և երկրայինը՝ յուր բարձր ազնվապետական վսեմությամբ։ Հագուստը, օր կրոնավորի զգեստի տարազն ուներ, համարյա թե մաշված էր։ Ոտներին հագել էր ծառի կեղևից պատրաստած սանդալներ։ Այդ անշուք զգեստավորության մեջ անգամ նմանում էր նա այն երկնաբնակներից մեկին, որին դժբախտ հանգամանքները դատապարտել էին մի տաժանական կյանքի...

Վարպետ ձեռքով շարժում էր նա քարե ծանր տապարը, և ահագին գերանը թնդում էր նրա հարվածների ներքո: Տապարը ավելի քերթում էր, քան թե տաշում էր։ Այսուամենայնիվ, նրա հարվածները, որպես անդուլ և անխոնջ համբերություն, հաստաբուն գերանի վրա գործ էին կատարել։

Այդ գերանը, որ մի վիթխարի կետ ձուկի նմանությամբ տա¬ րածված էր նրա առջև, յուր անտառի արքան և նահապետն էր: Դարեր էին անցել, որ նա այնքան աճել, ստվարացել էր, մինչև ստացել էր յուր հսկայական ծավալը։ Եվ երկար ժամանակներ գործ դրվեցան, մինչև քարե տապարը, թեև ինքը անզոր, բայց անվաստակելի և համբերատար ձեռքում, կարողացավ հատանել նրան լուր արմատից և ցած գլորել յուր բարձրությունից։

Այնուհետև աշխատում էր նա այդ գերանից պատրաստել մի լաստափայտ։ Նրա փութաջանությունը այն աստիճան անզուսպ էր, ու եթե յուր եղունգները երկաթից լինեին, ամենևին գործ չէր դնի քարե տապարը։ Գործը արդեն մոտեցել էր յուր վախճանին։ Լաստափայտի կողքերը հարթած էին. մեջը մեծ մասամբ դուրս էր փորված։ Մնում էր մի քանի շաբաթների աշխատանք ևս, որ նա բոլորովին պատրաստ լիներ։ Դրանով նա վստահություն ուներ՝ դուրս գալ յուր արգելանից, որտեղ աքսորված էր ինքը, պատերազմել օվկիանոսի ալիքների հետ և գնալ, հասնել այն աշխարհը, ուր պարտքը և երկրի աղետավոր անցքերը կոչում էին նրան...

Տաշեղների կույտի հետ ընկած էին բազմաթիվ քարե տապարներ, որ բթացել և անպիտանացել էին։ Որձաքարը մաշվեցավ, բայց նրա եռանդը, նրա տոկունությունը մնաց անխորտակելի։ նա արդեն ավարտել էր յուր այսօրվա պարապմունքը։ Տապրը դրեց ցած, անցավ դեպի լաստափայտի երկարությունը, ուշադրությամբ զննեց փորվածքի խորությունը և ապա վեր առեց