Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րով։ Լուսինը երբեմն հայտնվում էր, երբեմն ծածկվում էր ամպերի անթափանցիկ պատառների տակ։ Եվ նրա հետ խավար շրջապատը րոպեապես լուսավորվում էր և դարձյալ խորասուզվում էր գիշերային մթության մեջ։ Այսպես երբեմն երևում էին նրան հուսո և բաղձանքների պայծառ նշույլները, և դարձյալ ընկղմվում էին անստուգության անվերծանելի խավարի մեջ...

Հոգնած էր նա, հոգնած էր հոգով, հոգնած էր և մարմնով։ Նստեց ժայռի վրա։ Նստեց յուր լայնատարած իշխանության մի կտոր քարի վրա, որպես մի փախստական, որպես մի թշվառ արտաքսյալ, որ յուր սեփական երկրի վրա յուր ոտքը դնելու մի հասոատ կռվան չուներ։ Մտաբերում էր այն օրվա տխուր անցքերը, մտաբերում էր յուր մոր և յուր հովվի կծու խոսքերը, և նրա սիրտը խոցոտվում էր դառն կսկիծներով...

Նա ցած իջավ ժայռից, կանգ առեց և յուր լի սրտմտությամբ դեմքը դարձնելով դեպի երկինքը, արտասանեց հետևյալ խոսքերը.

«Ի՞նչը ձգեց ինձ այդ թշվառ դրության մեջ... Արդյոք փառասիրությո՞ւնը... ո՛չ, հազար անգամ ոչ... Հայոց գահը, Հայաստանի թագն ու գավազանը, որ խոստացավ ինձ պարսից Շապուհ արքան, երբե՛ք չէին կարող հրապուրել ինձ, երբեք չէին կարող մի անարգ գործիք դարձնել ինձ պարսից արքայի ձեռ֊քում... Ես այնքան վատ չէի, ես այնքան անսիրտ չէի» որ ոտնակոխ անեի սուրբ պարտականությունը և ապստամբվեի իմ թագավորի դեմ... Ես ավելի մեծ հոժարությամբ կընդունեի մահը իմ պատիվը ինձ հետ գերեզման կտանեի, քան թե իմ ճակատի վրա կընդունեի դավաճանի սև կնիքը... Ուրեմն ի՞նչը ձգեց ինձ այդ թշվառ դրության մեջ... Արդյոք վրեժխնդրության անզուսպ հե՞րքը, արդյոք արյան անշեջ ծարա՞վը... Դարձյալ ո՛չ... Արդարև իմ հայրերը, իմ ամբողջ ազգատոհմը սրի ճարակ դարձան և անխնա կերպով խողխողվեցան Արշակունիների ձեռքով... Եվ սկսյալ մանկությունից վրեժխնդրության սրբազան պարտքը միշտ բորբոքում էր ինձ՝ վրեժխնդիր լինել և դրանով հաշտվել իմ նախահարց ուրվականների հետ, որ ամեն րոպե և ամեն վայրկյան տանջում էին ինձ... Բայց ես չէի ցանկանա իմ նախահարց արյան վրեժը Արշակունիների թագավորության կործանման մեջ գտնել և դավաճանությամբ հափշտակած գահը դնել նրանց դժբախտ, ավերակների բեկորների վրա... Ուրեմն ի՞նչը ձգեց ինձ այդ թշվառ դրության մեջ... Ի՞նչը հարկադրեց ինձ՝ ուրանալ իմ ասծուն, ուրանալ հայրենական կրոնը, ուրանալ ամեն ինչ, որ նվի