Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան և նստեցնել յուր բազմոցի վրա։ Ոչ սակավ ապշության մեջ էր գտնվում և ներքինապետը, որ ներկա էր այնտեղ։ Տիկինը մի քանի րոպե մնաց յուր լուռ խռովության մեջ, և ապա, յուր արտասվալի աչքերը բարձրացնելով, խոսեց.

— Քո մեծահոգությունը, ո՛վ քաջ, միշտ անմոռաց կմնա իմ սրտում։ Երբ կհասնեմ Տիզբոն, իմ առաջին խոսքը այդ կլինի իմ թագավոր֊ամուսնին, «Հայոց սպարապետը յուր ազնվությամբ մի ծանր պարտք դրեց քո վրա, և այդ պարտքը միայն նույնպիսի ազնվությամբ կարող ես վճարել...»։

Տիկինը այժմ միայն նկատեց, որ սպարապետը ոտքի վրա էր, և մի առանձին սիրով խնդրեց նրան.

— Նստի՛ր, տե՛ր սպարապետ, քո առաքինությունը այնքան մեծ է, որ դու իրավունք ունես վայելելու իմ ամենախորին հարգանքը։

Սպարապետը, շնորհակալություն հայտնելով, նստեց և, միևնույն ժամանակ, բացատրեց նրան, որ դեռևս տևող պատերազմական հանգամանքները պահանջում են պարսից արքայական ընտանիքից մեկին, իբրև պատանդ, պահել հայոց տիկնոջ մոտ, և ինքը, սպարապետը, ազնիվ խոսք է տալիս, որ նրա թե՛ պատիվը և թե՛ կյանքը ամեն կերպով ապահովված կլինի։

— Որպես հաճո է քեզ, տե՛ր սպարապետ, այնպես արա,— պատասխանեց տիկինը խորին հոժարությամբ։— Մենք ամենքս քո գերին ենք և քեզ ենք պատկանում։ Դու միայն շնորհում ես մեզ մեր թագավորին, առանց ո՛րևէ փրկանք պահանջելու։ Ընտրի՛ր մեզանից՝ որին որ քո կամքը կհաճի։

— Ես որոշել եմ Որմիզդուխտ օրիորդին։

— Շատ գեղեցիկ։ Ես կհրամայեմ ներքինապետին, որ Որմիզդուխտ օրիորդին յուր բոլոր աղախիններով ու ներքինիներով քեզ հանձնե։

Սպարապետը վերկացավ։ Երբ նա գլուխ տալով և բարի ճանապարհ ցանկանալով կամենում էր հեռանալ, տիկինը կանգնեցրեց նրան, ասելով.

— Անմահ աստվածներին է միայն հայտնի, տե՛ր սպարապետ, մարդկանց ճակատագիրը և նրանց գալոցն ու ապագան։ Ո՞վ գիտե, թե էգուց ինչեր կարող են պատահել։ Մարդկային բախտն ու դժբախտությունը միևնույն սանդուղքներովն են ելևէջ անում։ Ես թողնում եմ քեզ մոտ մի հիշատակ, որպես առհավատչյա իմ երախտագիտության։ Ամեն անգամ, երբ դու ո՛րևէ կարյաց մեջ