Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որդու փոխարեն պատասխանեց հայրը.

— Սամվելը ամենափոքր հասակից սիրում էր որսորդություն։ Մեր ամրոցի թռչունները հանգստություն չունեին նրա ձեռքից, երբ դեռ տասն տարեկան տղա էր։ Իսկ այժմ չգիտեմ հետևո՞ւմ է յուր հին սովորություններին, թե ոչ։

— Ես իմ սովորությունները հեշտությամբ չեմ փոխում,— պատասխանեց Սամվելը, Ժպտալով։ Որսորդությունը իմ ամենասրտագին զվարճություններից մեկն է։— Եվ դառնալով դեպի Մերուժանը, հարցրեց.— այդ կողմերում, Արաքսի ափերը, ասում են, խիստ հարուստ են վայրենի երեներով։

— Այո՛, հարուստ են,— ասաց Մերուժանը մի առանձին հեգնությամբ։— Արշակունի թագավորները Արարատում բազմացրին վայրենի երեներ միայն։ Ճահիճները չէին ցամաքացնում, գետեզերքի ինքնորեն բուսած ծառաստանները չէին կտրում, որպեսզի թռչունների և երեների աճելության համար պատսպարաններ լինեին։

Սամվելի հայրը մեծ ցանկություն ուներ, որ որդուն մի որևէ առիթով ներկայացներ պարսիկ զորապետներին և նրա կատարելությունների մասին փոքր֊ինչ գաղափար տար նրանց։ Իսկ առայժմ, քանի դեռ կռիվների հանդեսներ չկային, որսորդությունը ամենահարմար միջոցներից մեկն էր, որի մեջ Սամվելը կարող էր ցույց տալ յուր քաջությունը։

Սամվելը, հասկանալով հոր փափագները, մտածեց օգուտ քաղել նրա տրամադրությունից։ Նա դարձավ դեպի Մերուժանը, հարցնելով.

— Դուք վճռել եք անպատճա՞ռ երեք օր բանակը պահել այստեղ։

— Անպատճառ։ Բացի այն, որ աստղները բարի ճանապարհ չեն գուշակում, մենք դեռ սպասում ենք մի քանի գունդերի, որ ետ են մնացել, և նրանց գոյության մասին ամենևին տեղեկություն չունենք։

— Ուրեմն, այդ երեք օրում, ինչպես լավ նկատեց Արտավազդը, անգործունեության մեջ կարելի է բոլորովին ձանձրանար։

— Քեռիդ թույլ չի տա, որ ձանձրանաս, սիրելիս,— մեջ մտավ հայրը։— Նա քեզ համար որսորդության ամենափառավոր հանդեսներ կպատրաստե Արաքսի ափերի մոտ։

— Եվ ինձ համար,— ընդմիջեց պատանի Արտավազդը։