Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնացած ջուրը եփ տալով` թանձրացնում են, և այդպես պատրաստում են բուսական մեղր կամ ռուփ: Բայց ավելի քնքուշ տերևները, որոնց վրա շաքարն ավելի հաստ խավ էր կապել, ընտրում են և այնպես դարսում են միմյանց վրա, հուպ են տալիս, պատրաստելով այն անուշահամ և անուշահոտ քաղցրավենիքը, որ կոչվում է գազպեն: Այդ առատությունները շինականներին խիստ բարերար կերակուր են մատակարարում, մանավանդ ձմեռային պահոց օրերում։

Սամվելն անցավ այդ տաղավարներից մեկի մոտով։ Նկատելով իշխանին, մոտ վազեց մի մանկահասակ աղջիկ: Եթե այդ անտառների անմահ պարիկները նրա նման կարմիր շապիկ հագնեին, եթե նրա նման ծիածանի գույներով գոտի կապեին, և եթե իրանց գլխի երկար հյուսերը նրա նման պսակաձև կապեին ճակատի վրա, դարձյալ չէին կարող այնքան սիրուն և այնքան գրավիչ լինել, որպես այդ անմեղ գեղջկուհին։ Տեսնելով նրան, Սամվելը ձիու գլուխը պահեց։ Աղջիկը ամոթխած դեմքով մոտեցավ և ձեռքը մեկնելով, ասաց.

— Թող իմ տերը քաղցրացնե յուր բերանը։

Սամվելը ընդունեց գեղջկուհու ձեռքից գազպեի պլիթը, որ բոլորակ կարկանդակի ձև ուներ, և ճաշակեց հարցնելով.

— Այդ քո՞ պատրաստածն է։

Պատասխանի փոխարեն մանուկ աղջկա դեմքի վրա փայլեց մի քաղցր ժպիտ։

Սամվելը ընծայեց նրան մի քանի արծաթյա դրամներ, ասելով.

— Որովհետև դու այդպիսի շնորհալի աղջիկ ես և այդպես լավ գազպե ես պատրաստում, ահա՛ քեզ։

Աղջիկը դժվարությամբ ընդունեց նվերը և, գլուխ տալով, վազեց յուր ընկերուհիների մոտ։

Տեղային սովորության համեմատ, այդ հյուրասիրությունը նրանք ցույց էին տալիս ամեն մի ճանապարհորդի, որոնց պատահում էր անցնել նրանց տաղավարի մոտով։

Սամվելը բաժանեց ստացած նվերը յուր զինակիրներին։

Որքան արևը բարձրանում էր, այնքան ճանապարհի անցուդարձը ավելի կենդանություն էր ստանում, այնքան հաճախ պատահում էին քաղաքացիք, շինականներ, որոնք դնում էին դեպի զանազան կողմեր։ Քաղաքացիք նստած էին ձիաների կամ ջորիների վրա, իսկ գյուղացիք գնում էին ոտով։ Ոտով գնացողներըհենց որ տեսնում էին իշխանին, քաշվում էին ճանապարհի մի