– Բըժի՜․.. բըժի՜...– կոչեց սափրիչը այնպիսի մի ձայնով որպես հոգատար տանտիկինը կոչում է թուփերի մեջ կորած, մոլորված հորթին։
Հորթը չհայտնվեցավ։ Սափրիչը կրկնեց իր կոչելը։ Այդ միջոցին հեռվից լսելի եղավ հորթի ձայնը՝ «բա՜–ա՜ և մի մարդ, որ ծածկված էր ծառերի մեջ, դուրս եկավ իր թաքստի տեղից, մոտեցավ երեք ուղևորներին։
– Վերջապես եկաք դուք,– ասաց նա հազիվ լսելի ձայնով.– հոգիս դուրս եկավ սպասելուց, ինչո՞ւ այդքան ուշացաք։
– Ճանապարհին մի փոքրիկ գործ ունեցանք խանի սուրհանդակի հետ, այդ խլեց մեզանից մի քանի րոպե,– պատասխանեց սափրիչը։– Դու այն ասա, ո՞ր կողմից պիտի տանես մեզ։
– Ուղիղ բերդի դռնից,– ասաց անծանոթը,– և ինքը դռնապանը կբաց անե դուռը։ Եկեք իմ ետևից, ես ամեն բան սարքել եմ...
Բոլորը միասին սկսեցին դիմել դեպի բերդի գլխավոր դուռը։
Եթե մեկը ցերեկով տեսնելու լիներ այդ անծանոթ մարդուն, իսկույն կընդուներ նրան բերդի տեր խանի ֆարրաշներից մեկի տեղ։ Նրա թե հագուստը և թե զենքերը այդ էին ցույց տալիս, թեև նա այժմ խոսում էր հայերեն այնքան վարժ կերպով, որպես կխոսի ամեն մի սյուների հայ։
Երբ հասան բերդի գլխավոր դռանը, անծանոթը սկսեց բախել դուռը, ձայն տալով այժմ թուրքերեն լեզվով․
– Հասան, բա՛ց արա։
Հասանին թեև հրամայված էր գիշերը ոչ ոքի առջև չբաց անել դուռը, բայց խանի ֆարրաշները բացառություն էին կազմում։ Իսկ նա ավելի կարգ պահպանելու համար, ներսից հարցրեց․
– Գիշերվա անո՞ւնը։
– «Աղավնի»,– պատասխանեց անծանոթը[1]։
Լսելի եղավ ծանր բանալիի դառնալու ձայնը և շուտով ահագին դարվազեի դռնակը բացվեցավ։ Անծանոթը ներս մտավ, նրան հետևեցին մյուսները։ Բացի դռնապանից, այնտեղ կային մի խումբ պահապաններ։ Մի մեծ լապտեր լուսավորում էր մուտքը։
- ↑ Պարսկաստանում մինչև այսօր պահպանվել է այդ կարգը. բերդապահը ամեն օր նշանակում է գիշերվա անունը և որպես պարոլ հաղորդում է ոստիկանության գործակատարներին։ Երբ գիշերը փողոցներում հանդիպում են մի մարդու, որ չգիտեր գիշերվա անունը, իսկույն կալանավորում են նրան։