որ կացուցանում էր նրա քնարանը։ Այստեղ պառկած էր նրա միակ զավակը՝ փոքրիկ Պետրոսը։ Բարակ վերմակը ծածկում էր նրա երեսը, մայրը հետ քաշեց, որ շնչառությունը ազատ լինի։ Սենյակի տաքությունից նա քրտնել էր, և կաթիլները մանրիկ ցողի նման պատել էին նրա շուշանի գույն ճակատը և շառագունած, վարդագույն թշերը։ Մայրը խոնարհվեցավ, համբուրեց նրան, այնքան գգուշությամբ, որ երեխան ոչինչ չզգաց։ Հետո նստեց անկողնի մոտ և խորին տխրությամբ նայում էր նրա երեսին։ Շուտով խեղճ կնոջ աչքերը լցվեցան արտասուքով, սկսեց խուլ կերպով լաց լինել։ Այդ կինը, որ հազարավորներին սեր էր ծախել և ոչ մեկին չէր սիրել,– սիրում էր իր զավակին, այն ջերմ և բնական սիրով, որ տված է մայրերին միայն։ Բայց ինչո՞ւ էր լաց լինում նա։
Բերդի մեջ բնակվում էին հիսունի չափ հայ ընտանիքներ, երբ լուր տարածվեցավ, թե Դավիթ Բեկի զորքերը պիտի պաշարեն բերդը, հայերը կամեցան դուրս գալ այնտեղից։ Ասլամազ–Կուլի խանը, բերդի տերը, արգելեց, ասելով, «Ձեզ պետք է պահեմ իմ ձեռքիս մեջ, եթե ձեր հավատակիցները կպաշարեն իմ բերդը, այն ժամանակ ձեր գլուխները ռումբերի փոխարեն թնդանոթների մեջ կդնեմ և կնետեմ դեպի թշնամու բանակը։ Պարսիկը պահել էր նրանց որպես պատանդ, եթե թշնամին նեղեր, պետք է նրանց վրա թափեր իր վրեժխնդրության թույնը։ Այդ պատճառով բոլորը մեծ երկյուղով սպասում էին իրանց սարսափելի վախճանին։ Այդ բոլորից հետո շատ հասկանալի էր, թե ինչու էր լաց լինում Սառան։ Գուցե իր զավակն ևս այն բազմաթիվ երեխաներից մեկը կլիներ, որ պիտի մորթվեին բերդի փողոցների մեջ։
Նրան իր հոգեկան տխրությունից դուրս բերեց դռան ձայնը, որ հազիվ լսելի կերպով բախեցին։ Նա վազեց դեպի դուռը և իսկույն բաց արեց։ Ներս մտան չորս հոգի։ Սառան նրանց տարավ մառանը, ուր նստած էին առաջին հյուրերը։ Նորեկներից մեկը կուզ սափրիչն էր իր կրկնակի սապատներով, մյուսը նրա գեղեցկադեմ աշակերտն էր, երրորդը հսկայատիպ հյուսն էր, իսկ չորրորդը՝ այն անծանոթ տղամարդը, որ բերդի դրսում միացավ նրանց հետ և իրան խանի ֆարրաշ էր կոչում։
Առաջինները, տեսնելով նորեկներին, սկզբում շփոթվեցան, խռովության մեջ ընկան։ Բայց երբ սափրիչը մոտենալով ասաց. «Ողջույն ձեզ», բոլորը ուրախությամբ շրջապատեցին և սկսեցին համբուրել նրա աջը, բացականչելով.