Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իշխանը դեռ չդուրս եկած ներքնատնից, կրկին դարձավ դեպի հայր սուրբը, ասելով.

– Ի նկատի ունեցեք, հայր սուրբ, այստեղի հայ բնակիչների կյանքը կոտորածից ազատելու համար և մեր գործը դյուրացնելու համար անպատճառ պետք է գրավել զենքերի պահեստը։ Մենք կհարձակվենք պահեստի վրա այն ժամանակ, երբ ամրոցի մեջ կհայտնվի հրդեհը։

– Իսկ ես այդ միջոցին կբաց անեմ ձեր առջև դռները..․

– Ձեզ ծանո՞թ է ամրոցի դիրքը։

– Սառան կառաջնորդե ինձ, նա բավական ծանոթ է։

– Սնում է մի բան. մենք պետք է գիտենանք ձեր գնալու րոպեն։

– Ես սպասում եմ Սառային, եկածին պես ճանապարհ կընկնենք, և նույն րոպեում մարդ կուղարկենք ձեզ իմացում տալու Ձեր տեղը ինձ արդեն հայտնի է՝ յուզբաշի Սարգսի տունը։

– Հենց այնտեղ Բարի գիշեր։

Հայր սուրբը նրան ճանապարհ դրեց մինչև բակի դուռը և ետևից դուռը կրկին կողպեց։

– Այս գիշեր, ինչպես երևում է, ես անդադար դռնապանի պաշտոն պիտի կատարեմ... — ասաց նա իր մտքում, երբ կրկին վերադարձավ ներքնատունը։– Կարծես ճակատագիրը դրա համար է ստեղծել ինձ...

Եվ իրավ, նա Տաթևի միաբանության մեջ նույնպես դռնապանի պաշտոն էր կատարում, վանքի լուսարարն էր, բանալիները նրա մոտ էին պահվում։

Նա մի առանձին բավականությամբ սկսեց անցուդարձ անել սենյակում, շարունակելով իր խոսքը.

– Մինչև այսօր, ամեն առավոտ, ամեն երեկո, բաց էի անում վանքի տաճարի դռները, ժամասեր միաբանությունը, մտնելով այնտեղ, աղոթում էր։ Իսկ այս գիշեր կբացանեմ խանի ամրոցի դռները, և իմ ընկերները կմտնեն այնտեղ կոտորելու համար...

– Ահա քեզ բանալիները...– լսելի եղավ մի ձայն նրա ետևից։

Հայր սուրբը շուռ եկավ, տեսավ իր առջև Սառային։ Ուրախությունը և զարմացումը փոփոխակի կերպով տիրեցին նրա սրտին։

– Դու ո՞րտեղից եկար, բակի դուռը փակ էր։