իմանում, բայց բավական զարգացած էր. հոր տան դաստիարակությունից նա պահել էր շատ բան, շատ լուսավոր հայացքներ կյանքի ու նրա պայմանների վրա։ Երբեմն հայոց աղջիկները զանազան մանգոների, ապագաների, արզունների, բաթուների և մոնղոլական այլ թագավորների կանանոցներում առաքելուհիների սրբազան պաշտոն էին կատարում, իրանց գեղեցկության և սիրո հետ մտցնում էին քրիստոնեությունը կռապաշտ թագավորների, պալատներում։ Բայց մահմեդականության խավար մոլեռանդությունը սպանեց հայ աղջիկների այդ եռանդը, նրանք այնուհետև մեծ զոհաբերություններով կարողացան պահել իրանց կրոնը միայն, այն ևս գաղտնի կերպով։ Փարիշանը մնացել էր հայ և քրիստոնյա, այդ գիտեր նրա տիկինը միայն, որ ինքը նույնպես պահպանել էր քրիստոնեությունը։ Այդ կրոնական ամուր կապը աղախնի ու իր տիկնոջ առիթ էր տվել նրանց մտերմությանը։ Այդ էր պատճառը, որ տիկինը այնպես ընտանեբար և համարձակ կերպով թափում էր Փարիշանի առջև իր սրտի ցավերը։
Աղախինը ետևից սանդրելով տիկնոջ գիսակները, անցավ նրա առջևի կողմը, սկսեց ճակատի վրա թափված փոռիկներից[1] զանազան խոպոպիկներ ոլորել։– Խանը մազերի հյուսվածքի այդ ձևը շատ է սիրում,— ասաց նա, ճարպիկ մատներով շարունակելով իր գործը։– Հիշո՞ւմ եք, տիկին, այն ժամանակ ասաց խանը՝ «Այդ գանգրավոր փոռիկները խիստ սազ են գալիս քո երեսին»․ ես դեռ չեմ մոռացել նրա խոսքերը։
– Ես ոչինչ չեմ հիշում,– պատասխանեց տիկինը տխուր ձայնով։
Աղախնի մտաբերած «այն ժամանակը» վեց ամիս առաջ էր, այնուհետև խանը ոչ մի անգամ չէր մտել Զուբեյիդա խանումի բնակարանը։ Այս գիշեր միայն հերթը նրան էր հասել․.. Այս գիշեր միայն ներքինապետը, այն ևս շատ ուշ, նրան իմացում տվեց հարեմի իշխանի այցելության մասին։
– Դե շուտ արա՛, երկար մի տանջիր ինձ,– ասաց տիկինը, ձանձրանալով աղախնի հնարած չափազանց պաճուճանքներից։
– Իսկույն, իսկույն կվերջացնեմ,– պատասխանեց աղախինը։– Մնում է ձեր հոնքերին բասմա[2] դնել, աչքերին սուրմա[3] քաշել, հագցնել ձեզ, և դուք բոլորովին պատրաստ կլինեք։