– Հալիձորի գետի վերին կողմից Մխիթար սպարապետը, իսկ ներքին կողմից՝ Բեկը։
– Այդ միայն սատանան կարող է ջոկել քրիստոնյայի և մահմեդականի թնդանոթի ձայների զանազանությունը, – պատասխանեց Բայինդուր իշխանը մրթմրթալով։
– Մարդն Էլ կարող է ջոկել այդ,– ասաց ծերունի զորավարը ժպտալով․– միայն հարկավոր է դրա համար սյունեցի լինել, ծանոթ լինել նրա լեռների դիրքի և բնավորության հետ, այն ժամանակ հեշտ կլինի հասկանալ, թե յուրաքանչյուր հնչյուն ինչպես է տարածվում, որպիսի արձագանքներ է արձակում։ Լավ ականջ դրեցեք, թնդանոթների ձայնը բոլորովին բերդի դրսիցն է գալիս բայց մեզ այնպես է թվում, որ բերդի ներսիցն է։
– Ուրեմն Բեկը և Մխիթար սպարապետը հարձակում են գործում առանց մեզ իմացում տալո՞ւ։
– Նրանք ինձ իմացում տվեցին։
– Ե՞րբ։
– Մի քանի րոպե նրանից հետո, երբ դու բաժանվնցար ինաձանից և սկսեցիր դիմել դեպի ականը։
– Իսկ մեր շարժման մասին տեղեկություն ունե՞ն։
– Իհա՞րկե, ունեն. ես հենց նրանց ուղարկված սուրհանդակդների բերանով տեղեկություն տվեցի։
– Հիմա հասկանում եմ, որ սյունեցու ականջները ուրիշ տեսակ կազմված են, քան թե մեզ նման մեղավորներինը․․․– պատասխանեց հեգնությամբ իշխանը։– Այսուամենայնիվ, այդ ավերակների մեջ մենք երկար սպասելու գործ չունենք. շտապենք, եթե չենք ցանկանում, որ խեղճ հայերի թաղը դրանց նման ավերակ գարձնեն։ Բեկը կամ Մխիթար սպարապետը հեշտությամբ բերդը մտնել չեն կարող։ Իսկ մենք բերդի միջումն ենք։ Մենք պետք է բաց անենք նրանց առջև դռները։
Վիճաբանությունը դադարեց։ Այդ խոսքերից հետո կարգադրեցին իրանց գործողության եղանակը, թե որը ո՛ր կողմով պետք է առաջ գնա։ Զինվորները երեք մաս բաժանվեցան․ մեկ մասին պիտի աոաջնորդեր Ավթանդիլ գնդապետը տեր Ավետիքի հետ, մյուս մասին պետք է առաջնորդեր Մելիք–Փարսադանը, իսկ երրորդ մասին՝ Բայինդուրը։