Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Եվ դուք, ազատվելով բանտից, երևի, մի առիթ էիր որոնում վրեժխնդիր լինելու ձեզ բանտարկողից,– հարցրեց սա։

– Ոչ, ես վրեժխնդիր չեմ լինում այն անձից, որ արդեն դրժբախտության մեջ է գտնվում,– պատասխանեց ծերունի վեզիրը, կարեկցական եղանակով,– Ընդհակառակն, ես շտապեցի ձեզ օգնելու։ Երկար որոնում էի ձեզ, երբ թշնամու գունդը անցավ, ջահերի լուսավորության առջև ճանաչեցի ձեզ և մոտեցա։

Վեզիրի ցավակցական պատասխանը ավելի վիրավորեց խանին. նա իր սովորական հպարտությամբ ասաց.

– Շնորհակալ եմ, ափսոս, որ ձեր օգնությանը այլևս կարոտություն չունեմ, Դուք միայն ինձ այն ասացեք, կռիվներից ի՞նչ տեղեկություն ունիք։

– Ես անցա համարյա բոլոր կետերի վրա, ուր որ կռվում էին մեր զորքերը։ Զորքերը, պետք է խոստովանած, քաջությամբ էին պաշտպանվում։ Եթե նրանց առաջնորդները այնպիսի վատ, երկչոտ և աղետ մարդիկ չլինեին,– եթե նրանք չթողնեին իրանց գունդերը և չփախչեին, գուցե ձեր զինվորները թույլ չէին դա, որ թշնամին ամեն կողմից մտներ բերդը։

– Լավ, բոլորը հասկացա...– ասաց խանը զայրացած ձայնով – խնդրում եմ, որ հիմա ինձ մենակ թողնեք։

– Ես ձեզ երկար չեմ ձանձրացնի, որովհետև ինքս էլ շտապում եմ․․․

– Ու՞ր պիտի գնաք։

– Բեկի մոտը։

– Բեկի մո՞տ,– հարցրեց խանը կասկածանքով։– Ի՞նչ գործ ունիք այն ավազակի հետ։

– Գնում եմ, որ ընկնեմ նրա ոտքերի առջև, համբուրեմ, աղաչեմ, պաղատեմ, որ խնայե մնացածներին և կոտորել չտա։

Գոռոզ իշխանը, որ իրան երբեք թույլ չէր տա որևիցե խնդիրքով դիմել երկրի թագավորներին անգամ, բռնեց պաշտոնազուրկ վեզիրի ձեռքից, և աղաչելով ասաց.

– Լսեցեք, վեզիր, ես ձեզ կոչում եմ ձեր առաջվա պաշտոնի անունով– եթե մնացել է ձեր մեջ հարգանքի որևիցե նշույլ դեպի ձեր նախկին տերը, ընդունեցեք նրա տված խորհուրդը, և մի գնացեք այն ավազակի մոտ։

– Ես հիմա էլ հարգում եմ ձեզ,– ինչպես միշտ,– պատասխանեց վեզիրը սառն կերպով։– Բայց բյուրավոր մուսումլանների