– Պառավ մարդուն պառավ ձին սազ կգա,– պատասխանեց գզիրը ծիծաղելով.– «փեշքեշի ձիու ատամներին չեն մտիկ անում», տեր հայր։
Հանկարծ գզիրը փոխեց իր զվարճախոսությունը, և տերտերի ուշադրությունը դարձնելով իրանց ետևում կատարվող տեսարանի վրա, սարսափած ձայնով բացականչեց.
– Տե՛ր աստված, այդ ի՞նչ բան է...
– Ի՞նչ բան է,– հարցրեց տերտերը, ոչ սակավ վախենալով։
Գզիրը ձեռքը մեկնեց դեպի ամրոցը՝ ասելով․
– Չե՞ք տեսնում։
Քահանան նայեց դեպի այն կողմը։ Լեռնային մարդը լեռնային արծվի սրատեսություն ունի։ Նա թեև ծերացած էր, թեև ամրոցից բավական հեռացել էին, բայց դարձյալ կարողացավ նշմարել, թե ինչ էր կատարվում այնտեղ։
Ամրոցի գլխավոր մուտքի մոտ երևում էր խուռն բազմություն, աշխատում էին դռները խորտակել. մարդիկ վազվզում էին այս կողմ և այն կողմ։ Դռները խորտակեցին. բազմությունը ներս թափվեցավ. մի քանիսը բարձրացան կտուրների վրա. երևում էր, մեկին որոնում էին։ Հետո լսելի եղան աղաղակներ, որոնց հետ միախառնվեցան և հրանոթների ձայներ։
– Տե՜ր աստված,– կրկնեց գզիրը,–այդ ի՞նչ պատուհաս է․․․
Քահանան սառածի նման սարսափով նայում էր դեպի ամրոցը։ Նրա շրթունքները խուլ կերպով շարժվում էին, երևում էր, որ դարձյալ «եկեսցէ» էր կարդում։
Նրանք կանգնած էին մի բարձրավանդակի վրա, որտեղից բավական մեծ տարածություն շրջակայքից տեսնվում էր։ Այդ միջոցին նկատեցին, որ մի մարդ ձորի միջով վազե–վազ անցնում էր։ Գզիրր ճանաչեց նրան, և անունը տալով կանչեց, որ իրանց մոտ գա։ Նա թեև լսեց, բայց դարձյալ շարունակեց վազելը։ Գզիրը այժմ ավելի բարձր ձայնով կանչեց, և նա մոտեցավ։
– Այդ ի՞նչ պատուհաս է, Վանի ապեր,– հարցրեց նրանից գզիրը.– ո՞ւր ես այդպես վազելով գնում։
Վանի ապերր մելիքի ծառաներից մեկն էր. նա խիստ ողորմելի ձայնով պատասխանեց.
– Էլ ի՞նչ լինի, աստված ինքը մի ողորմություն անե... խանի մարդիկը թափվեցան ամրոցի վրա, ջարդում են, կոտորում են, մելիքին են պտռում...